ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԶՆՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԱՎԵԼՎԱԾ «Ա»-ՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 մայիսի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, հրավիրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ վերոհիշյալ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի պարզաբանումները, հետազոտելով փաստաթուղթը եւ գործում առկա մյուս նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հավելված «Ա»-ն անմիջականորեն առնչվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հետ, որը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992 թվականին։ Այդ պայմանագրի մասնակից պետությունները, ելնելով Եվրոպայում քաղաքական փոփոխություններից, համաձայնել են վերանայել Եվրոպայում սովորական զինված ուժերի տեղաբաշխումը։ Քննության ընդունված փաստաթղթի նպատակն է հնարավորություն ընձեռել Ռուսաստանի Դաշնությանը պահպանել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում ամրագրված տարածաշրջանային եւ գոտիական սահմանափակումները։ Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությանը թույլ տալ ընդհանուր մասնաբաժինների պահպանման շրջանակներում փոփոխել սպառազինության տեղաբաշխումը։ Հավելված «Ա»-ով հիմնականում ճշտվում է Ռուսաստանի Դաշնության իրավունքն առավելագույն հնարավոր չափով օգտվելու 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում կնքված համաձայնագրով սահմանված ներկա մասնաբաժինների վերաբաշխումից։ Վերաբաշխումը կարող է կատարվել համապատասխան երկրների, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ բանակցությունների հիման վրա։ Հավելված «Ա»-ի IV բաժնի 3-րդ պարագրաֆում նշված է, որ՝ «Նման վերաբաշխումները պետք է արդյունք լինեն ազատ բանակցությունների եւ ներգրավված պետությունների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի»։ Ընդ որում, Հայաստանի հետ առնչվող մասով հարցը կարգավորվում է 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանյան Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրով։

Փաստաթղթով կանոնակարգվում են նաեւ տեսչական եւ տեղեկատվական հարցերը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 մայիսի 1997 թվականի
ՍԴՈ - 55

print page Տպել էջը