ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԵՐԵԽԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 հունվարի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 17-ին Ժնեւում ընդունված՝ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետեւ՝ Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1999թ. հունիսի 17-ին Ժնեւում՝ երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի արգելման եւ վերացման նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2000թ. նոյեմբերի 19-ին։

2. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը մանրամասնում է «երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւեր» հասկացության բովանդակությունը։

Կոնվենցիան վավերացնող՝ Կազմակերպության անդամ պետությունները պարտավորվում են ձեռնարկել անհապաղ եւ արդյունավետ միջոցներ՝ նպատակաուղղված երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի արգելմանն ու վերացմանը։ Պայմանավորվող պետությունները երաշխավորում են, որ իրենց ներպետական օրենսդրությամբ կսահմանվեն այն աշխատանքի տեսակները, որն իր բնույթով կամ կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը։ Այդ աշխատանքի տեսակները սահմանելիս պետք է հաշվի առնվեն Կազմակերպության՝ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին 1999թ. հանձնարարականի համապատասխան դրույթները։

Պայմանավորվող պետությունները պարտավորվում են մշակել եւ իրականացնել գործողության ծրագրեր՝ երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերն առաջնային կարգով վերացնելու համար։

Պայմանավորվող պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների արդյունավետ կիրառումն ու կատարումն ապահովելու համար։ Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն նշանակում է իրավասու մարմին, որը պատասխանատու է կոնվենցիայի կատարմանն ուղղված դրույթների կիրառման համար։

Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաեւ միմյանց համապատասխան օգնություն տրամադրելու պարտավորություն։

3. Քննության առարկա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության կողմից այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես, ՄԱԿ-ի՝ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման եւ պատժի մասին» արձանագրությամբ, 2000թ. մայիսի 25-ին Նյու Յորքում ընդունված՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությամբ ստանձնված պարտավորություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի հունիսի 17-ին Ժնեւում ընդունված՝ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 հունվարի 2005 թվականի
ՍԴՈ - 551

print page Տպել էջը