2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 18 հունվարի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ, ստորագրվել է 2004 թվականի հոկտեմբերի 5-ին՝ երկու երկրների ներդրողների գործունեության համար միմյանց տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ ներդրումների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Համաձայնագիրը կիրառելի է նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը կատարված ներդրումների նկատմամբ:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց ներդրողների ներդրումների եւ եկամուտների համար ապահովել հավասար եւ արդար պայմաններ, ներդրումներին տրամադրել ազգային կամ առավել բարենպաստության ռեժիմ:
3. Համաձայնագիրը սահմանում է ներդրումների պաշտպանության իրավական երաշխիքներ, այն է՝ արգելում է ներդրումների օտարումը, բռնագրավումը ու ազգայնացումը, բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի ու պայմանների:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթները պետք է մեկնաբանվեն ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի պահանջների հիման վրա, այն է՝ սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ։
4. Համաձայնագրով նախատեսվում է պատերազմի կամ այլ զինված հակամարտության, արտակարգ իրավիճակների, ապստամբության կամ խռովության հետեւանքով մյուս Պայմանավորվող կողմի ներդրումներին պատճառված վնասների վերականգնում կամ փոխհատուցում: Պայմանավորվող կողմերը վնասը հատուցելու պարտավորություն են կրում նաեւ իրենց ներդրողների հանդեպ, եթե իրենց ընդունած՝ ներդրումն ընդհատելուն կամ արգելելուն ուղղված ակտի գործողության արդյունքում իր ներդրողին վնաս է պատճառվել:
5. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել միմյանց ներդրողների ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը: Համաձայնագիրն ամրագրում է նաեւ Պայմանավորվող կողմերի՝ ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու նպատակով վարձված անձանց մուտքն իրենց երկիր թույլատրելու պարտավորություն:
6. Պայմանավորվող կողմերը պետք է հրատարակեն կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնեն իրենց ընդհանուր կիրառման օրենսդրությունը, ընթացակարգերը, վարչական որոշումները եւ դատական վճիռները, ինչպես նաեւ այն միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել մյուս Կողմի ներդրողների ներդրումների վրա:
7. Համաձայնագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմի եւ ներդրողի միջեւ ներդրումային վեճերի լուծման՝ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր, ինչպես նաեւ սահմանում է Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերի լուծման կարգը:
8. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ համաձայնագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի եւ գործողության դադարեցման վերաբերյալ:
9. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, ֆիններեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
10. Համաձայնագրի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 հունվարի 2005 թվականի
ՍԴՈ - 552