2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 15 մարտի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջգերատեսչական պայմանագիրը երկու երկրների կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2004թ. հուլիսի 13-ին՝ Մոսկվայում։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կրթության բնագավառում գործընկերային կապերի եւ համագործակցության զարգացումը, այդ երկրներում բնակվող քաղաքացիների կրթական պահանջմունքների բավարարման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։
Համաձայնագրի համար իրավական հիմք է հանդիսանում 1995թ. նոյեմբերի 13-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» միջկառավարական պայմանագիրը, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1996թ. մայիսի 22-ին։
2. Համաձայնագրով Կողմերը, մասնավորապես, փոխադարձաբար ստանձնում են հետեւյալ պարտավորությունները.
- նպաստել ընդհանուր միջնակարգ կրթության, նախնական, միջնակարգ, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը,
- սատարել Կողմերի կրթական հիմնարկների միջեւ անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, այդ հիմնարկների միջեւ ուսանողների, դասախոսների եւ գիտնականների փոխանակման վերաբերյալ պայմանագրերի կնքմանը,
- անհրաժեշտ պայմաններ ստեղծել իրենց տարածքում բնակվող միմյանց քաղաքացիների ընդհանուր միջնակարգ եւ մասնագիտական կրթությունը, համապատասխանաբար, հայերեն եւ ռուսերեն ստանալու պահանջմունքների բավարարման համար,
- աջակցել իրենց պետությունների քաղաքացիներին գործընկեր պետության կրթական հաստատություններում կրթություն ստանալու կամ որակավորման բարձրացման հարցում՝ ուսուցման կամ որակավորման բարձրացման ծախսերի՝ քաղաքացիների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից փոխհատուցման պայմանով,
- աջակցել Երեւան քաղաքում ստեղծված ռուս-հայկական համալսարանի նյութատեխնիկական բազայի զարգացմանն ու ամրապնդմանը,
- կանոնավոր կերպով փոխանակել կրթության բնագավառի նորմատիվ-իրավական փաստաթղթերը եւ կրթության համակարգի կազմակերպման ու զարգացման փորձը,
- երաշխավորել միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների երեխաների ուսանումն իրենց բարձրագույն, միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններում առանց կրթաթոշակների հատկացման եւ ուսման ծախսերի վճարման։
Ըստ համաձայնագրի՝ Ռուսական կողմը՝ գերատեսչական ենթակայության կրթական կազմակերպություններում, իսկ Հայկական կողմը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, յուրաքանչյուր տարի, պետական միջոցների հաշվին, միմյանց քաղաքացիներին տրամադրում են որոշակի քանակով կրթաթոշակներ։
3. Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով։ Համաձայնագրի գործողությունը կերկարաձգվի հետագա հինգ տարիների համար, եթե հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին։
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26 հոդվածի պահանջներին, բխում են, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (հոդված 13) ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից եւ ՀՀ Սահմանադրության համաձայն (4, 35, 43 հոդվածներ) կոչված են ապահովելու Կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15 մարտի 2005 թվականի
ՍԴՈ - 553