2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 15 մարտի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Աղաբեկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի սեպտեմբերի 8-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջգերատեսչական համաձայնագիրը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 8-ին՝ Լիտվայի ռազմական ակադեմիայում իրականացվող ռազմական ուսուցմանը մասնակցող՝ Հայկական կողմի ուսանողների կարգավիճակի սահմանման նպատակով։
Համաձայնագրի համար իրավական հիմք են հանդիսանում 2002թ. հունիսի 24-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2002թ. օգոստոսի 22-ին, ինչպես նաեւ 1995թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004թ. մարտի 31-ին։
2. Համաձայնագիրը սահմանում է Լիտվայի ռազմական ակադեմիայում Հայկական կողմի ուսանողների ռազմական ուսուցման պայմանները, ռազմական ուսուցման, որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման կարգը, ընդունող եւ ուղարկող կողմերի իրավունքներն ու պարտականությունները։
Ակադեմիայում ռազմական ուսուցմանը մասնակցող ուսանողների կարգավիճակի առնչությամբ կկիրառվեն 1995թ. հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթները։
3. Ուսանողների կեցության եւ սննդի, դեպի Լիտվա եւ հակառակ ուղղությամբ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում է ընդունող կողմը։
Հայկական կողմը՝ որպես ուղարկող կողմ, պարտավորվում է ապահովել ռազմական ուսուցման մեկնող ուսանողների կյանքի եւ առողջության վավերական ապահովագրերի առկայությունը եւ հոգալ դրանց հետ կապված անհրաժեշտ ծախսերը, փոխհատուցել ընդունող կողմի՝ համաձայնագրում նշված եւ ռազմական ակադեմիայից հեռացված ուսանողներին վերաբերող ծախսերը, հոգալ ուսանողների ճանապարհածախսն արձակուրդների ընթացքում։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Վիլնյուսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
15 մարտի 2005 թվականի
ՍԴՈ - 554