ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 մարտի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունվարի 28-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի փոխառության համաձայնագրում (Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005 թ. հունվարի 28-ին՝ Հռոմում։ Ըստ համաձայնագրի՝ Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է տասը միլիոն չորս հարյուր հիսուն հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (10450000 SDR) գումար՝ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում՝ փոքր եւ միջին գյուղատնտեսական եւ գյուղական ձեռնարկությունների առկա ու պոտենցիալ սեփականատերերին եւ աշխատողներին, ինչպես նաեւ աղքատ ֆերմերներին եւ, մասնավորապես՝ գյուղի կանանց աջակցելու նպատակով։

2. Ըստ համաձայնագրի՝ փոխառության արտարժույթով գումարը պետք է վերադարձնել կիսամյակային մասնաբաժիններով՝ սկսած 2015 թվականից մինչեւ 2044 թվականը, ինչպես նաեւ Հիմնադրամին պետք է վճարել սպասարկման վճար՝ տարեկան փոխառության օգտագործված գումարի 0,75 տոկոսի չափով։

3. Փոխառությամբ ֆինանսավորվող ծրագրի խնդիրն է նպաստել գյուղական ձեռնարկատիրության կայուն աճին, աջակցել բիզնես-ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի զարգացմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ենթակառուցվածքների բարեփոխման համար դրամաշնորհների տրամադրմանը, օժանդակել ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակին։

4. Համաձայնագիրը սահմանում է ծրագրի իրականացման, վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ յուրաքանչյուր փուլում նախատեսում անկախ հաշվեքննություն։

Համաձայնագրի հավելվածն են կազմում Հիմնադրամի՝ 1998 թ. դեկտեմբերի 2-ի՝ Գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ընդհանուր դրույթները, որոնց նկատմամբ համաձայնագրի դրույթներն ունեն գերակայող ուժ։ Համաձայնագիրն ունի թվով 5 հավելված։

5. Համաձայնագրի հավելված 1-ի Ա ենթաբաժնի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվում է, որ Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) եւ մասնակից ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ) միջեւ կնքվող համաձայնագրերը պետք է սահմանեն ինչպես տվյալ ենթակետով նախատեսված պայմանները, այնպես էլ «...այլ պայմաններ, ներառյալ այն դրույթները, որոնք կգործեն ՄՖԿ-ների սնանկության կամ լուծարման պարագայում, եւ որոնք գերակայություն կունենան երկրի յուրաքանչյուր օրենքի նկատմամբ»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԳՖԿ-ի եւ ՄՖԿ-ների միջեւ կնքվելիք համաձայնագրերը ներպետական իրավունքի սուբյեկտների միջեւ կնքվող քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրեր են, որոնք, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438 հոդվածի, պետք է համապատասխանեն դրանք կնքելու պահին գործող կանոններին։ Այդ համաձայնագրերում կարող են ներառվել նաեւ քննության առարկա միջազգային համաձայնագրում ամրագրված դրույթներ, որոնք ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն ներպետական օրենքների նկատմամբ գերակայություն կարող են ունենալ միայն միջազգային համաձայնագիրը սահմանված կարգով վավերացնելուց հետո։ Հետեւաբար, իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար պետք է նկատի ունենալ, որ քննության առարկա միջազգային համաձայնագրի հավելված 1-ի Ա ենթաբաժնի 4-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվող՝ «երկրի յուրաքանչյուր օրենքի նկատմամբ» գերակայություն ենթադրող դրույթը վերաբերում է միայն այն միջազգային պարտավորությունների շրջանակին, որոնք ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային սույն համաձայնագրով։

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես Փոխառու, Հիմնադրամի առջեւ պատասխանատվություն է կրում համաձայնագրով իրեն, ծրագրի ղեկավար գործակալությանը եւ ծրագրի մասնակիցներին վերապահված պարտավորությունների ճշգրիտ եւ ժամանակին կատարման համար։ Փոխառուն պետք է փոխառության գումարներն օգտագործի միայն ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար՝ համաձայնագրի եւ Ընդհանուր դրույթների պահանջներին համապատասխան։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի հունվարի 28-ին Հռոմում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի փոխառության համաձայնագրում (Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 մարտի 2005 թվականի
ՍԴՈ - 555

print page Տպել էջը