1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 19 ապրիլի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով փոփոխությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր փաստաթղթի սահմանադրականության հարցը ՀՀ սահմանադրական դատարանում քննության է առնվել 1998թ. նոյեմբերի 21-ին եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից այն վավերացվել է 1998թ. դեկտեմբերի 1-ին՝ որպես «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիա»։ ՀՀ Նախագահի 2005թ. մարտի 31-ի ՀՆ-529 դիմումի հիման վրա ներկայացված փոփոխությունը վերաբերում է տվյալ Խարտիայի 24-րդ հոդվածին։
2. Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (այսուհետեւ՝ Կազմակերպություն) խարտիայի (այսուհետեւ՝ Խարտիա) 24-րդ հոդվածը փոփոխելու վերաբերյալ որոշումը, Խարտիայի 30-րդ հոդվածին համապատասխան, ընդունվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից 2004թ. հունիսի 25-ին Ստամբուլում կայացած հատուկ հանդիպման ընթացքում։
Փոփոխության նպատակն է Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի իրավական կարգավիճակի ու նպատակների հստակեցումը։
3. Ըստ Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2004թ. հունիսի 25-ին ընդունած որոշման՝ Խարտիայի մեջ ամրագրվում է նոր 24-րդ հոդված։ Համաձայն Խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության՝ Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը միջազգային բնույթի կազմակերպություն է, որը գործում է որպես Կազմակերպության ուսումնասիրությունների կենտրոն եւ ղեկավարվում է Տնօրենների խորհրդի կողմից, որի անդամները ՍԾՏՀ անդամ պետությունների քաղաքացիներ են։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խարտիայի 24-րդ հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
19 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 556