ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 19 ապրիլի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 7-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2005թ. փետրվարի 7-ին Երեւանում՝ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմին գրասենյակի կողմից վճարվող աշխատավարձի եւ այլ համանման վարձատրության մասով հարկումից ազատելու նպատակով։

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հարկումից ազատել Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմին գրասենյակի կողմից վճարվող աշխատավարձի եւ այլ համանման վարձատրության մասով։

3. Միջազգային պրակտիկայի ուսումնասիրումը վկայում է, որ ՄԱԿ-ի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին 1946թ. փետրվարի 13-ի կոնվենցիայի 5 հոդվածի (բաժին 18, կետ «բ») համաձայն՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներն ազատվում են ՄԱԿ-ի կողմից իրենց վճարվող աշխատավարձերի եւ վարձատրության հարկումից: Այդ արտոնությունից օգտվող պաշտոնյաների թվում կարող են լինել նաեւ ընդունող պետության քաղաքացիներ եւ տեղաբնակ անձինք: Այս պրակտիկան կիրառվում է նաեւ ՀՀ-ում:

Եվրոպայի խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներն ազատվում են Եվրոպայի խորհրդի կողմից վճարված աշխատավարձերի կամ վարձատրությունների հարկումից:

4. ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիները անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները»: Արձանագրությամբ ՀՀ ստանձնած ֆինանսական պարտավորությունը, ՀՀ հարկային օրենսդրության վերլուծության արդյունքներով, վերաբերում է եկամտահարկից ազատելուն: Հետեւաբար, ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի ուժով, Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմը, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիների մասով, անկախ նրանց՝ ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ հանդիսանալու հանգամանքից, պետք է ՀՀ մյուս քաղաքացիների հետ համահավասար ունենան ՀՀ Սահմանադրության 46 հոդվածով եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային միեւնույն պարտականությունը:

Սակայն, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջները, ինչպես նաեւ ՀՀ իրավակիրառական պրակտիկան, որեւէ իրավունքի, ազատության իրացման եւ որեւէ պարտականության կատարման սահմանված կարգը կարող է ներառել նաեւ որոշակի իրավական պայմաններ, որոնք կարող են դրսեւորվել որոշակի արտոնությունների սահմանման, այդ թվում նաեւ՝ պարտականության կատարումից ազատելու ձեւով, որոնք օբյեկտիվ եւ ողջամիտ կերպով արդարացված են, հետապնդում են իրավաչափ նպատակ եւ համաչափ են հետապնդվող իրավաչափ նպատակին:

5. Անդրադառնալով պետություններում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների (գրասենյակների) ծառայողներին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման շրջանակներում, արտոնությունների տրամադրման, ինչպես նաեւ նրանց իրավունքի տարբերակման իրավակիրառական պրակտիկային, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն դիվանագիտական գործունեությամբ պայմանավորված այդպիսի արտոնությունների պարտադիր տրամադրման, այդ գործունեությանն օժանդակող անձնակազմի հարկային արտոնությունների մասով կիրառվում են տարբերացված սկզբունքներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավունքի տարբերակումը կամ տարբերությունը չի հանդիսանում խտրական, եթե այն ունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն՝ այդ տարբերակումը կամ տարբերությունը հետապնդում է իրավաչափ նպատակ:

Քննության առարկա արձանագրությամբ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմին վճարվող աշխատավարձի եւ այլ համանման վարձատրության մասով հարկումից ազատումը պայմանավորված է իրավաչափ նպատակով եւ համաչափ է այդ նպատակին, քանի որ պայմանավորված է այդ գրասենյակի միջոցով եւ ՀՀ կողմից ճանաչված միջազգային իրավական հիմքով իրականացվող գործառույթներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի փետրվարի 7-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ Երեւանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 557

print page Տպել էջը