ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏԱՐԱԾՔԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 ապրիլի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման, տարածքի օպերատիվ սարքավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կողմից ստորագրվել է 2004թ. հունիսի 18-ին Աստանայում՝ Կազմակերպության անդամ պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման եւ տարածքի օպերատիվ սարքավորման կարգը սահմանելու նպատակով։

2. Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով Կողմերի լիազորված մարմիններն են նրանց պաշտպանության նախարարությունները։ Վերջիններս մշակում եւ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանն են ներկայացնում զորքերի կոալիցիոն խմբավորումների համատեղ օգտագործման ռազմական ենթակառույցի օբյեկտների ցանկը (այսուհետեւ՝ Ցանկ)։ Կողմերի լիազորված մարմինները մշակում են նաեւ համաձայնագրի 16 հոդվածով նախատեսված մեթոդիկաները, որոնք հաստատվում են Կողմերի կառավարությունների կողմից եւ կազմում են համաձայնագրի հավելված։

3. Կողմերը փոխանակում են համատեղ օգտագործման ռազմական ենթակառույցի օբյեկտների, դրանց ստեղծման եւ զարգացման տեխնիկատակտիկական տվյալների վերաբերյալ պետական գաղտնիք կազմող տեղեկատվություն եւ ապահովում են նման տեղեկատվության պահպանությունը՝ իրենց միջեւ առկա բազմակողմ ու երկկողմ համաձայնագրերին համապատասխան։

Կողմերը Ցանկում տեղ գտած՝ գոյություն ունեցող ռազմական ենթակառույցի օբյեկտները պահում են պատրաստի վիճակում եւ ձեռնարկում են դրանց զարգացման միջոցառումներ։ Կողմերն այդ միջոցառումների հետ կապված ծախսերը ֆինանսավորում են մասնաբաժնային մասնակցության հիման վրա։

Կողմերն իրենց տարածքում խաղաղ ժամանակ հրամանատարաշտաբային եւ բանակային զորավարժությունների անցկացման դեպքում հոգում են Ցանկում ընդգրկված ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման հետ կապված ծախսերը։ Զորավարժությունների ժամանակ ռազմական ենթակառույցի օբյեկտին վնաս պատճառելու դեպքում այդ վնասը փոխհատուցում է վնաս պատճառած Կողմը։

Կողմերը բոլոր տեսակի մաքսերից, հարկերից, տուրքերից ազատում են ռազմական ենթակառույցի օբյեկտների շինարարական միջոցառումների նպատակով փոխադրվող սարքավորումները, նյութերը, ռազմական նշանակության արտադրանքը եւ տրանսպորտային միջոցները։

Համաձայնագիրն ամրագրում է առանձին պարտավորություններ, որոնք գործում են համաձայնագրից որեւէ Կողմի դուրս գալու դեպքում։ Համաձայնագրից դուրս գալու դեպքում Կողմը պարտավոր է փոխհատուցել իր տարածքում իրականացված՝ համատեղ օգտագործման համար նախատեսված ռազմական ենթակառույցի օբյեկտների կապիտալ վերանորոգման, ընդլայնման, վերակազմավորման եւ նոր շինարարական միջոցառումների ծախսերը։ Միաժամանակ, Կողմերը պարտավոր են համաձայնագրից դուրս եկող Կողմին փոխհատուցել վերջինիս կատարած այն ծախսերը, որը նա կատարել է Կողմերի տարածքում ռազմական ենթակառույցի օբյեկտների կապիտալ վերանորոգման, ընդլայնման, վերակազմավորման եւ նոր շինարարական միջոցառումների համար։ Համաձայնագրից դուրս գալու դեպքում Կողմերը պարտավորվում են նաեւ չթույլատրել երրորդ Կողմին, այն է՝ Կազմակերպության անդամ եւ համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությանը, մուտք գործել համատեղ օգտագործված ռազմական ենթակառույցի օբյեկտներ, ինչպես նաեւ նշված օբյեկտները չվաճառել եւ չփոխանցել երրորդ Կողմի՝ առանց այն Կողմերի համաձայնության, որոնք մասնակցել են 13 հոդվածի 3-րդ մասում նշված միջոցառումներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման, տարածքի օպերատիվ սարքավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 558

print page Տպել էջը