ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 ապրիլի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կողմից ստորագրվել է 2004թ. հունիսի 18-ին՝ Աստանայում։ Համաձայնագրի նպատակն է Կազմակերպության շրջանակներում իրականացվող արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, ռազմական, ռազմատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական եւ այլ գործունեության ոլորտում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովումը։

Համաձայնագրի համար իրավական հիմք են հանդիսանում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագիրը եւ, ի զարգացումն այդ պայմանագրի՝ ընդունված փաստաթղթերը։

2. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանցման, գաղտնի տեղեկակիրների դրոշմագրման, գաղտնի տեղեկակիրների ոչնչացման կարգը։

Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու մարմիններ են Կողմերի ազգային անվտանգության ծառայությունները։

3. Համաձայնագրի Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լիազորված մարմինների կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման եւ գաղտնի տեղեկատվության պահպանության ուղղությամբ։ Կողմերը սահմանում են, որ գաղտնիության աստիճանը եւ դրանց համապատասխանող գաղտնիության դրոշմագրերը համադրվում են ըստ համաձայնագրի 3-րդ հոդվածի։

Կողմերը, իրենց նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, պարտավորվում են.

- համագործակցության իրականացման ժամանակ ստացված եւ/կամ ձեւավորված գաղտնի տեղեկատվության նկատմամբ ձեռնարկել պաշտպանության նույնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են գաղտնիության նույն աստիճանն ունեցող՝ իրենց գաղտնի տեղեկատվության նկատմամբ,

- օգտվել մյուս Կողմի լիազորված մարմնից ստացված գաղտնի տեղեկատվությունից՝ բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,

- երրորդ Կողմին չտրամադրել գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու հնարավորություն՝ առանց այն փոխանցած Կողմի նախնական գրավոր համաձայնության։

4. Քննության առարկա համաձայնագիրը գերակայություն ունի Կողմերի միջեւ առկա երկկողմ եւ բազմակողմ՝ գաղտնի տեղեկատվության ապահովման ռեժիմը կարգավորող այլ պայմանավորվածությունների նկատմամբ։

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում համաձայնագրի մասնակից պետությունների միջեւ արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, ռազմական, ռազմատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական եւ այլ համագործակցություն իրականացնելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը սահմանող հավելվածը։ Հավելվածի համաձայն՝ համագործակցության ընթացքում գաղտնիության ռեժիմի ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնում է յուրաքանչյուր Կողմ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ստորագրված՝ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 559

print page Տպել էջը