ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 17 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 19 մայիսի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ կողմերը ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Դարբինյանի, Ֆ. Խառատյանի, Վ. Սաֆարյանի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդ. Եգորյանի եւ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալ Ա. Մկրտումյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով եւ 101 հոդվածի 2 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 25 հոդվածի 2 կետով եւ 55 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 65 պատգամավորների՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը։

Սահմանադրական դատարանը, 1997 թվականի մայիսի 6-ի նիստում քննարկելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 65 պատգամավորների դիմումը, աշխատակարգային որոշում է կայացրել՝ գործն ընդունել քննության։ Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու եւ գործի նյութերը դատական նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի անդամներ Հ. Խաչատրյանը եւ Մ. Սեւյանը։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40 եւ 57 հոդվածներով, սահմանադրական դատարանի որոշմամբ սույն գործով կողմ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որը սահմանադրական դատարանում վիճարկվող իրավական ակտն ընդունած մարմինն է։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Խաչատրյանի հաղորդումը, ուսումնասիրելով եւ վերլուծելով դիմումը, կից փաստաթղթերը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ գերագույն դատարանի նախագահի պարզաբանումները, կողմերի լրացուցիչ փաստարկները, եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Դիմող կողմը գտնում է, որ Երեւանի Աջափնյակի համայնքի ղեկավարի 1996 թվականի նոյեմբերի 24-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփման վերաբերյալ դատարանի վճիռը 1996 թվականի հունիսի 10-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով սահմանված կարգով գանգատարկվել է ՀՀ գերագույն դատարան, որը սահմանված ժամկետում, կոլեգիալ կարգով կայացրել է վերջնական որոշում: Ուստի այդ որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից չէր կարող բողոքարկվել ՀՀ գերագույն դատարանի նախագահություն, որն, իր հերթին, բեկանել է կոլեգիալ կարգով ընդունված որոշումը:

Ըստ դիմող կողմի, նմանատիպ տարբեր գործերով ՀՀ դատախազության եւ գերագույն դատարանի կողմից հիշյալ հոդվածի գործադրման հակասական իրավակիրառական պրակտիկան առաջ է բերել «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի սահմանադրականության որոշման հիմնահարց:

Ընդունելով, որ այդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դիմող կողմը գտնում է, որ օրենքը բացառել է ընտրությունների արդյունքների առնչությամբ ՀՀ գերագույն դատարանի՝ կոլեգիալ կարգով ընդունած որոշման բողոքարկման հնարավորությունը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ներկայացնող կողմը նույնպես գտնում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Միաժամանակ, դրսեւորվում է այն մոտեցումը, որ հիշյալ հոդվածի հիման վրա ՀՀ գերագույն դատարանի՝ կոլեգիալ կարգով ընդունած որոշման վերջնական լինելու հանգամանքը վերաբերում է միայն գանգատարկմանը, եւ դատարանների ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների ու որոշումների հսկողական կարգով բողոքարկման՝ դատախազության սահմանադրական լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով չի սահմանափակվում:

3. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ ՀՀ գերագույն դատարանի երեք անդամից կազմված դատական կոլեգիան 1996 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ 1997 թվականի մայիսի 12-ը քննության է առել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված 41 դատական վճիռների ու որոշումների դեմ տրված գանգատներ։

Ի դեպ, Գերագույն դատարանի դատական կոլեգիայի որոշման վերջնական լինելու, դրա հետագա գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չլինելու մասին դատական կոլեգիայի նիստերում նախագահողները հայտարարել են յուրաքանչյուր գործով կայացրած որոշում հրապարակելիս։

Նմանատիպ գործերով ՀՀ գերագույն դատարանում կոլեգիալ կարգով ընդունված 41 որոշումներից ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատական հսկողության կարգով բողոքարկվել է միայն Երեւանի Աջափնյակի համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ կոլեգիայի կայացրած վերոնշյալ որոշումը: Ընդ որում,

1996 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ 1997 թվականի մայիսի 12-ը ՀՀ դատախազություն մուտք են եղել դատարաններում քննված այդ բնույթի 11 գործերի վերաբերյալ գանգատներ, որոնցից երկուսի կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից պատասխան է տրվել, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի համաձայն ՀՀ գերագույն դատարանի՝ կոլեգիալ կարգով ընդունած որոշումը վերջնական է եւ հսկողության կարգով բողոքարկման ենթակա չէ։

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի գործադրման ընթացքում իրավակիրառողները տարաբնույթ եւ հակասական մոտեցում են դրսեւորել այդ հոդվածում ամրագրված նորմերի եւ ՀՀ Սահմանադրության 5, 93, 103, 110 հոդվածների, 116 հոդվածի 7, 12, 13 կետերի, 1964թ. ընդունված եւ ընտրությունների մասով փոփոխության չենթարկված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23, 34, 35, 36 գլուխներում ամրագրված դրույթների առնչությամբ:

Հետեւողական չի եղել մոտեցումն այն հարցին, որ ընտրությունների մասին ՀՀ Սահմանադրության հիման վրա ընդունված օրենսդրությունը կարգավորում է պետաիրավական այնպիսի հարաբերություններ, որի նպատակն է ի կատարումն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 3, 27, 50, 51, 68, 105, 110 հոդվածների, սահմանված ժամկետներում ձեւավորել Հանրապետության իշխանությունների ընտրովի ինստիտուտները:

Սահմանադրության հիման վրա ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին ընդունված օրենքներն ունեն միասնական տրամաբանական հենք եւ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ առաջացած վեճերով առաջին երկու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի, վերջին դեպքում՝ ՀՀ գերագույն դատարանի՝ կոլեգիալ կարգով ընդունած որոշումները վերջնական են:

ՀՀ դատախազությունը, մինչեւ դատախազության մասին օրենքի ընդունումը, ինչպես սահմանադրորեն ամրագրված է, պետք է գործի ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 116 հոդվածի 12 կետի պահանջներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 101 եւ 102 հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածը ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված դատական վեճերով իրավակիրառական պրակտիկան պետք է համապատասխանի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածում ամրագրված՝ գերագույն դատարանի՝ կոլեգիալ կարգով կայացրած որոշումների վերջնական լինելու մասին դրույթին։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 մայիսի 1997 թվականի
ՍԴՈ - 56

print page Տպել էջը