ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 ապրիլի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիրն ստորագրվել է Մանիլայում՝ 1965 թվականի դեկտեմբերի 4-ին, որով հիմնադրվել է Ասիական զարգացման բանկը: Բանկի նպատակն Ասիայի եւ Հեռավոր Արեւելքի տարածաշրջանում տնտեսական աճին եւ համագործակցությանը նպաստելն է, ու, մասնավորապես՝ տարածաշրջանում զարգացող անդամ պետությունների համատեղ եւ անհատական տնտեսական զարգացման գործընթացն արագացնելը:

2. Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված են Ասիական զարգացման բանկին անդամակցելու ընդհանուր պայմանները: Բանկում անդամակցությունը բաց է ՄԱԿ-ի եւ Հեռավոր Արեւելքի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամների, ասոցիացված անդամների, տարածաշրջանային այլ եւ ոչ տարածաշրջանային զարգացած այնպիսի պետությունների համար, որոնք ՄԱԿ-ի կամ վերջինիս մասնագիտացված որեւէ մարմնի անդամ են:

3. Համաձայնագրով սահմանված են Բանկի հետեւյալ հիմնական գործառույթները.

- տարածաշրջանում զարգացման նպատակով նպաստել հասարակական եւ անհատական կապիտալների ներդրումներին,

- տարածաշրջանում անդամ պետությունների զարգացումը ֆինանսավորելու նպատակով օգտագործել իր տնօրինության ներքո գտնվող ռեսուրսները՝ նախապատվություն տալով տարածաշրջանային եւ ազգային այնպիսի նախագծերին, որոնք առավել արդյունավետ կօժանդակեն ողջ տարածաշրջանի ներդաշնակ տնտեսական աճին, նվազ կամ թույլ զարգացած անդամ պետությունների կարիքներին,

- զարգացման նախագծերի եւ ծրագրերի նախապատրաստման, ֆինանսավորման եւ իրականացման համար տրամադրել տեխնիկական աջակցություն,

- տարածաշրջանում զարգացման համար միջոցների ներդրումային խնդիրների շրջանակներում համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության, վերջինիս մարմինների, միջազգային հասարակական եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ ազգային հաստատությունների հետ,

- իրականացնել իր նպատակներից բխող այլ գործունեություն:

Վերոհիշյալ գործառույթները Բանկն իրականացնում է համաձայնագրի 3-րդ, 4-րդ գլուխներում սահմանված կարգով եւ 14 հոդվածում նախանշված սկզբունքներով: Ընդ որում, համաձայնագրի 36 հոդվածի համաձայն՝ Բանկի որեւէ գործունեություն չպետք է հետապնդի քաղաքական նպատակ: Համաձայնագրի 5 հոդվածի համաձայն՝ Բանկի անդամ պետությունները պատասխանատու չեն Բանկի պարտավորությունների համար:

4. Համաձայնագրի 6-րդ գլխում սահմանված է Ասիական զարգացման բանկի կառավարման համակարգը, համաձայն որի՝ Բանկի կառավարման մարմիններն են Կառավարիչների խորհուրդը, Բանկի նախագահը, փոխնախագահը (փոխնախագահները), Տնօրենների խորհուրդը, որոնց լիազորությունների շրջանակը, Բանկի կառավարման մարմիններում անդամ պետությունների ներկայացուցիչների ներգրավման կարգը նախատեսված են համաձայնագրի 27, 30, 33, 34, 35 եւ այլ հոդվածներում:

Բանկին անդամակցած պետություններում կարող են հիմնվել ներկայացուցչություններ:

5. Համաձայնագրով իրավական հատուկ կարգավիճակ է սահմանված Բանկի անձնակազմի անդամների, մասնավորապես՝ կառավարիչների, տնօրենների, նրանց տեղակալների, այլ պաշտոնյաների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ Բանկի կողմից գործուղված փորձագետների համար, որը համապատասխանում է միջազգային նույնաբովանդակ համագործակցության շրջանակներում ձեւավորված ընդհանուր սկզբունքներին: Համաձայնագրի 55, 56 հոդվածներին համապատասխան հիշյալ անձինք իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում օգտվում են անձեռնմխելիության իրավունքից եւ հարկային արտոնություններից, բացառությամբ 58 հոդվածով նախատեսված դեպքի:

Սահմանադրական դատարանում ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն Բանկի անձնակազմի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների նկատմամբ համաձայնագրի 56 հոդվածի դրույթների կիրառման խնդիրը՝ նրանց հարկային արտոնություններ տրամադրելու մասով, կլուծվի համաձայնագրի 37 հոդվածի 2-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի գրասենյակ հիմնելիս:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- համաձայնագրի 2-րդ գլխում նախատեսված կարգով բաժանորդագրվել Բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերին,

- համաձայնագրի 15 հոդվածում սահմանված կարգով երաշխավորել փոխառությունների, երաշխիքների հիմնական գումարի, տոկոսների եւ այլ վճարումների կատարումը,

- փոխառության դիմաց վճարել տոկոսներ՝ փոխառության պայմանագրով սահմանված չափով, ինչպես նաեւ միջնորդավճար, երաշխիքային եւ այլ վճարներ,

- կատարել Բանկի արժույթի պաշարի արժեքի պահպանման ուղղությամբ համաձայնագրի 25 հոդվածի պայմանները,

- իր անդամությունը դադարեցնելու առնչությամբ կատարել համաձայնագրի 7-րդ գլխում նախատեսված պարտականությունները,

- երաշխավորել համաձայնագրով նախատեսված՝ Բանկի պաշտոնյաների, փորձագետների անձեռնմխելիությունը, նրանց արտոնությունների իրացումը,

- Բանկը, վերջինիս ակտիվները, գույքը, եկամուտը, Բանկի գործառնությունները ազատել հարկումից եւ մաքսատուրքից:

7. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում «Ա» եւ «Բ» հավելվածները, որոնցում համապատասխանաբար թվարկված են տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային անդամ պետությունները՝ Ասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում իրենց բաժանորդագրումների քանակի նշումով, ինչպես նաեւ սահմանված է տնօրենների ընտրության կարգը:

8. Համաձայնագրով միաժամանակ նախատեսված են դրույթներ՝ վերջիններիս կիրառման բնագավառում մեկնաբանման, անդամների միջեւ Բանկի զուտ շահույթի բաշխման, հնարավոր վեճերի կարգավորման, վավերացման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերի վերաբերյալ:

9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4, 8, 9 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են պետությունների միջեւ զարգացնել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 560

print page Տպել էջը