2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ՆԱՄԱԿՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 29 ապրիլի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. նախագահող՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի փետրվարի 25-ին Երեւանում ստորագրված՝ Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր նամակում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն Երաշխավորագիր նամակն ստորագրվել է 2005թ. փետրվարի 25-ին՝ Երեւանում։
Երաշխավորագիր նամակի նպատակը Ասիական զարգացման բանկի Հայաստանի Հանրապետությունում ներդրումային գործողություններ իրականացնելու համար իրավական հիմք ստեղծելն է։
2. Երաշխավորագիր նամակը սահմանում է, որ մասնավոր հատվածի ներդրումային գործողությունները ներառում են մասնավոր հատվածին վարկերի տրամադրում, հիշյալ Բանկի կողմից երաշխիքների տրամադրում, մասնավոր հատվածում բաժնետոմսերի ներդրումներ՝ առեւտրային պայմաններով եւ առանց կառավարական երաշխիքների։
Երաշխավորագիր նամակը սահմանում է նաեւ, որ հիշյալ Բանկի հիմնադիր համաձայնագրի դրույթները կիրառելի են Բանկի ներդրումային գործողությունների նկատմամբ՝ Բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխհամաձայնության դեպքում։
3. Երաշխավորագիր նամակով նախատեսված են Հայաստանում թողարկված արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ Բանկի մասնակցության կամ տեղաբաշխման իրավունքը, ինչպես նաեւ Բանկի վարկերի երաշխիք գրավադրված գույքի նկատմամբ սեփականության ձեռք բերումը։
4. Երաշխավորագիր նամակում նշված երաշխիքները, յուրաքանչյուր փոխառության կամ բաժնետիրական կապիտալի ներդրումների համար Բանկը բոլոր անհրաժեշտ ընթացակարգային ձեւակերպումները կիրականացնի ըստ ՀՀ գործող օրենքների։
5. Երաշխավորագիր նամակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է, մասնավորապես,
- ապահովել Բանկի հիմնադիր համաձայնագրի՝ Բանկի կարգավիճակը, նրա անձնակազմի արտոնություններն ու անձեռնմխելիությունները սահմանող 8-րդ գլխի դրույթների կիրառումը իր տարածքում,
- Բանկի ներդրումները եւ երաշխիքներն ազատել սահմանափակումներից, կարգավորումներից, հսկողությունից կամ ցանկացած տեսակի վճարի հետաձգումից,
- ազատել Բանկին հարկումից կամ հարկային պահումներից եւ գանձումներից,
- թույլատրել Բանկին՝ տեղաբաշխել կամ մասնակցել Հայաստանում թողարկված արժեթղթերի տեղաբաշխմանը,
- Բանկի պահանջով նշանակել նրա համար ընդունելի գործակալություն,
- ճանաչել Բանկի սեփականության իրավունքը ցանկացած գույքի կամ գույքային իրավունքի նկատմամբ,
- որպես սուբրոգացիա Բանկի ձեռք բերած՝ ՀՀ արժույթով գումարներին՝ դրանց օգտագործման, փոխարկման եւ արտահանման կապակցությամբ, տրամադրել այնպիսի բարենպաստ վիժակ, որը կտրամադրվեր Բանկի ֆինանսական միջոցներին, եթե դրանք ստացված լինեին Հայաստանի Հանրապետությունում Բանկի ուղղակի փոխառություններից։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի փետրվարի 25-ին Երեւանում ստորագրված՝ Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր նամակում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29 ապրիլի 2005 թվականի
ՍԴՈ - 562