ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝

Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանի,
հրավիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լ.Ալավերդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունված՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Ռ. Պետրոսյանի բացատրությունները, հրավիրված Լ.Ալավերդյանի պարզաբանումները, հետազոտելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2003 թվականի նոյեմբերի 15-ին եւ ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 1-ից:

2. Ըստ դիմող կողմի՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «...Նա կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան՝ երաշխավորելով քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը», հակասում է ՀՀ Սահմանադրության 39 հոդվածին եւ 97 հոդվածի 1-ին մասին, քանի որ այն խախտում է դատարանի անկախության եւ դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը:

Դիմող կողմը, վերլուծելով վիճարկվող դրույթում ամրագրված՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու եւ դատարաններին առաջարկներ ներկայացնելու՝ Պաշտպանի լիազորությունները, գտնում է, որ թեեւ վիճարկվող դրույթում «տեղեկություն» եզրույթի բովանդակությունը ճշգրտված չէ, այնուամենայնիվ, այդ եզրույթը հարկ է մեկնաբանել օրենքի ընդհանուր տրամաբանությունից ելնելով: Դիմողի կարծիքով, օրենքի համատեքստից պարզ է դառնում, թե ինչ սահմաններ ունի «տեղեկություն» եզրույթը եւ ինչ նպատակի այն պետք է ծառայի: Ըստ օրենքի տրամաբանության՝ Պաշտպանն իրավունք պետք է ունենա դատարանից պահանջել գործի վիճակի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտան, օրինակ, պարզել, թե արդյոք իրեն ներկայացված բողոքի կապակցությամբ ընթանում է դատաքննություն կամ արդյոք դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Մինչդեռ, իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ «տեղեկություն» եզրույթը տարածական մեկնաբանություն է ստացել վիճարկվող դրույթի գործնական կիրառման ընթացքում:

Դիմող կողմի կարծիքով՝ Պաշտպանի կողմից դատարանին արդարադատություն իրականացնելիս առաջարկ ներկայացնելն ուղղակիորեն խախտում է դատարանի անկախության սկզբունքը, քանի որ տվյալ պաշտոնատար անձը, հանդիսանալով պետական մարմին, իր առաջարկով ուղղակի ներգործում է դատարանի վրա՝ կանխորոշելով դատարանի գնահատականները: Դիմողը նաեւ գտնում է, որ, լսելով դատավարության միայն մեկ կողմին եւ դրա հիման վրա ներկայացնելով առաջարկ դատարանին, Պաշտպանը խախտում է դատաքննության կողմերի իրավահավասարությունը՝ կապված մրցակցային դատավարության սկզբունքի երաշխավորման հետ:

Որպես իր այս եզրակացության հիմնավորում՝ դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա տեղակալի՝ առանձին դատարաններից տեղեկություններ պահանջող եւ առաջարկություններ ներկայացնող գրությունների պատճեններ, ինչպես նաեւ մի շարք երկրներում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի եւ դատական մարմինների փոխհարաբերության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի վերաբերյալ տեղեկանք:

3. Պատասխանող կողմը, մի շարք երկրների օրենսդրություններից եւ միջազգային իրավունքի նորմերից օրինակներ բերելով ու պնդելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը «չի հակասում, այլ ընդհակառակը՝ համապատասխանում է եւ° միջազգային իրավունքին, եւ° արտասահմանյան շատ երկրների օրենքներին՝ տեղեկություններ ստանալու հարցում», միաժամանակ նշեց հետեւյալը.Հանրապետության Նախագահի ներկայացրած դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քննարկվող հարցը բարձրացնելու համար հիմք են հանդիսացել օրենքի մեկտարյա գործողության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա տեղակալի կողմից առաջին ատյանի դատարաններ ուղղված մի քանի գրություններ, որոնցում թեկուզ նշված են, որ Պաշտպանը չի միջամտում դատական գործի ըստ էության լուծմանը, բայց որոնք անվիճելիորեն վկայում են Պաշտպանի կողմից դատական վարույթներին ուղղակի միջամտելու մասին, ցուցումներ են պարունակում դատարանի կողմից քննվող գործի առարկան փոխելու վերաբերյալ, որը մեր օրենսդրությամբ կարող են անել միմիայն գործի կողմերը։ Պատասխանող կողմը միաժամանակ գտնում է, որ չնայած իրավակիրառական պրակտիկան սահմանադրական չէ, սակայն օրենքի քննության առարկա դրույթը հակասահմանադրական համարվել չի կարող։

Պատասխանող կողմի կարծիքով՝ քննության առարկա օրենքում կան հայեցակարգային բնույթի հակասություններ, որոնք անհրաժեշտ է շտկել ոչ թե դրա սահմանադրականության հարցը քննարկելով, այլ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

4. ՀՀ Սահմանադրության 97 հոդվածն ամրագրում է դատավորների անկախության սահմանադրական սկզբունքը։ Նշված հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին։

ՀՀ Սահմանադրության 39 հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի արդար դատաքննության իրավունքը։

Սահմանադրական այս սկզբունքն օրենսդրական ամրապնդումն ստացել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998թ. հունիսի 17-ին ընդունված՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5 եւ 6 հոդվածներում, 1998թ. հունիսի 18-ին ընդունված՝ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածում, 1998թ. հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում։

«Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի առջեւ։ Նույն օրենքի 6 հոդվածն արգելում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների եւ լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը։

5. Դատավորների անկախության սկզբունքն ամրագրված է նաեւ մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության 1985թ. Դատական համակարգի անկախության հիմնական սկզբունքներում նշվում է, որ «...Կառավարական եւ այլ հաստատությունների պարտականությունն է հարգել եւ պահպանել դատական մարմինների անկախությունը»։

Նույն սկզբունքն է ամրագրված նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994թ. հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում։ Հանձնարարականի առաջին Սկզբունքի 2-րդ կետի (d) ենթակետում նշվում է, որ «Դատավորները պետք է ունենան անսահմանափակ ազատություն՝ անաչառորեն ընդունելու որոշումներ՝ ղեկավարվելով իրենց խղճով, փաստերի իրենց մեկնաբանությամբ եւ գործող իրավանորմերով։ Դատավորները իրենց գործերի էության վերաբերյալ չպետք է տեղեկատվություն տրամադրեն դատական համակարգից դուրս գտնվող որեւէ անձի»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ դատավորի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը։

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան նմանատիպ հարցերի առնչությամբ մասնավորապես վկայում է, որ «անկախ դատական համակարգը սահմանադրորեն պաշտպանված է ընդդեմ ցանկացած արտաքին միջամտության, ուստի եւ Օմբուդսմենին դատարաններին վերահսկելու որեւէ գործառույթի վերապահումը անհամատեղելի է իշխանությունների տարանջատման եւ դատարանների անկախության սկզբունքի հետ»։ Նման իրավական դիրքորոշում է արտահայտվել Հունգարիայի սահմանադրական դատարանի 29.03.1994թ. որոշման մեջ։

6. Կողմերի իրավահավասարության սկզբունքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 39 հոդվածով, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված արդար դատաքննության բաղադրատարրերից մեկը։ Այս սկզբունքներն իրենց իրացումն են ստացել ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսդրության մեջ։

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դոմբո Բեհիր Բ.Վ.-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով 1993թ. սեպտեմբերի 22-ի վճռի 33 կետի՝ «կողմերի իրավահավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ»։

7. Իրավական, ժողովրդավարական պետության համար միաժամանակ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն իրավունքի գերակայության երաշխավորման, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններն ինքնուրույն եւ անկախաբար պաշտպանելու հարցում։ Այս սկզբունքն ամրագրված է նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածում։

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ըստ դիմող եւ պատասխանող կողմերի, վիճարկվող օրենսդրական դրույթի եւ օրենքի 10 հոդվածի 1-ին կետի եւ 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի միջեւ առկա հակասությունները ոչ միայն տեղիք են տալիս Պաշտպանի իրավասության տարաբնույթ մեկնաբանությանը, այլեւ չեն կանխորոշում վիճարկվող օրենսդրական դրույթում օգտագործվող «տեղեկություններ» եզրույթի բովանդակությունը։ Սակայն վիճարկվող դրույթի եւ օրենքի 10 հոդվածի 1-ին կետի եւ 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համադրված վերլուծությունը հնարավորություն է տալիս հստակեցնելու եւ ճշգրտելու այդ եզրույթի բովանդակությունը եւ, հետեւաբար, նաեւ դատարաններից տեղեկություններ պահանջելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան»։

Օրենքի 10 հոդվածի 1-ին կետի համատեքստում, Պաշտպանը դատարանից իրավասու է պահանջել տեղեկություններ միայն իրեն ուղղված այն բողոքների կապակցությամբ, որոնք լուծվում են արտադատական կարգով՝ բողոքում բարձրացված հարցերով շահագրգիռ անձի կողմից դատարաններում հայց կամ բողոք ներկայացված չլինելու պայմաններում։

Օրենքի 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ «Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանը բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով իրավասու է [...] ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը»։

Օրենքի 7 հոդվածում ամրագրված վիճարկվող դրույթը կարող է միայն միջոց հանդիսանալ օրենքի 10 հոդվածի 1-ին կետի, 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի եւ 17 հոդվածի 1-ին կետի պահանջների իրացման համար։ Օրենքը գործնականում բացառում է Պաշտպանի կողմից դատարաններից այնպիսի տեղեկություններ պահանջելը, որոնք առնչվում են կոնկրետ գործով արդարադատության իրականացմանն ու վերաբերում են դատարանի վարույթում գտնվող գործի քննության դատավարական կամ նյութական բնույթի հարցերին։

9. Մարդու իրավունքների պաշտպանի՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու եւ առաջարկներ ներկայացնելու իրավունքը հարկ է գնահատել նաեւ այս ինստիտուտի դերի եւ գործառույթի համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպանը, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի համաձայն իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Ի տարբերություն վարչական մարմինների՝ դատական մարմինների կողմից անձի դատավարական կամ նյութական իրավունքի խախտումը կարող է վերացվել միայն վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի կողմից, համապատասխանաբար՝ վերաքննիչ բողոքի կամ վճռաբեկ բողոքի հիման վրա։ ՀՀ գործող օրենսդրությամբ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն միայն գործին մասնակցող անձինք։

Համաձայն ՀՀ քրեական եւ քաղաքացիական դատավարական օրենսդրության՝ Մարդու իրավունքների պաշտպանը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքով օժտված սուբյեկտ չէ։ Հետեւաբար, եթե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությամբ նախատեսված Պաշտպանի գործողությունները՝ ուղղված անձի ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնմանը, մերժվեն դատարանի կողմից կամ հաշվի չառնվեն, Պաշտպանն իրավասու չէ տվյալ «մերժումը» կամ «հաշվի չառնելը» բողոքարկել վերադաս դատական ատյանում։

10. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նախատեսված հարցերով որոշումն ընդունվում է՝ գնահատելով ինչպես ակտի տառացի իմաստը, այնպես էլ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան:

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության վերաբերյալ առկա նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, օրինակ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորին ուղղված թիվ 1-0562 գրության մեջ շարադրել է, որ իր մոտ առկա տեղեկությունների համաձայն քրեական գործով, ըստ մեղադրանքի, վկան ներկայացել է դատական նիստի, տվել ցուցմունքներ եւ խնդրել իրեն ճանաչել տուժող։ Այս կապակցությամբ խնդրում է հայտնել, թե վկային տուժող ճանաչելու վերաբերյալ ինչպիսին է դատարանի դիրքորոշումը։

Իսկ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահին ուղղված 21.01.2005թ. թիվ 1-0584 գրությամբ Պաշտպանն իր գնահատականն է ներկայացրել դատարանի վարույթում գտնվող գործի վերաբերյալ:

11. Սահմանադրական դատարանը, ելնելով վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված պրակտիկայից, գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա տեղակալի՝ դատավորներին ուղղված նմանատիպ դիմումները, դրանցով պահանջված տեղեկությունները եւ կատարված առաջարկները պայմանավորված չեն անկախ եւ անկողմնակալ արդարադատության իրականացման անհրաժեշտությամբ, ըստ էության միջամտություն են դատական վարույթին եւ կարող են անհավասար պայմաններ ստեղծել դատավարության կողմերի համար։

12. Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով եվրոպական երկրների մեծ մասի օրենսդրության մեջ ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմիններից տեղեկություններ պահանջելու եւ առաջարկներ ներկայացնելու իրավունքի իրացման պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները, արձանագրում է, որ առկա են հետեւյալ ընդհանուր մոտեցումները.

Մարդու իրավունքների պաշտպանը քննության չի առնում այն գործերի հանգամանքները, որոնք դատավարության առարկա են հանդիսանում,

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կանոնակարգող օրենքներն ուղղակիորեն չեն ամրագրում դատարաններից քննության մեջ գտնվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու եւ առաջարկներ ներկայացնելու իրավունք,

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կանոնակարգող օրենքները՝ ամրագրելով պաշտպանի՝ պետական մարմիններից տեղեկություններ ստանալու իրավունքը, միաժամանակ հստակեցնում են դատարաններից տեղեկություններ պահանջելու սահմանները։

Եվրոպական երկրների համապատասխան օրենսդրության մեջ գոյություն ունեցող այս պրակտիկան իր ամրագրումն է գտել նաեւ Եվրոպական օմբուդսմենի կանոնադրության մեջ։ Վերջինս արգելում է Եվրոպական օմբուդսմենին միջամտել դատարաններում քննության առնվող գործերին կամ դատարանի լուծմանը ենթակա հարցերին։ Իսկ «Քաղաքացիների իրավունքների ներկայացուցչի մասին» Լեհաստանի օրենքի 13 հոդվածով սահմանվում է, որ դատարաններից տեղեկություններ պահանջելը վերաբերում է միայն «գործի վիճակի» մասին տեղեկատվությանը։

13. Օրենքի վիճարկվող դրույթի տառացի իմաստի եւ ձեւավորված իրավակիրառական պրակտիկայի գնահատման հիման վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա/ հետեւողականություն չի դրսեւորվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը մշակելիս, որի արդյունքում տեղ են գտել ներօրենսդրական հակասություններ՝ ստեղծելով նաեւ հակասական իրավակիրառական պրակտիկա։ Մասնավորապես դա վերաբերում է, մի կողմից, հիշյալ օրենքի 2 հոդվածին, 7 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ ամրագրված դրույթին, 10 հոդվածի 1-ին կետին, 12 հոդվածի 1-ին կետի 3-րդ եւ 5-րդ ենթակետերին, 13 եւ 15 հոդվածներին, 17 հոդվածի 1-ին կետին, մյուս կողմից՝ 7 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ ամրագրված դրույթներին,

բ/ օրենքի վիճարկվող դրույթը՝ Պաշտպանի՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու մասով, կարող է ազդել դատական մարմինների անկախության վրա կամ վտանգել դատավորի անկախությունը՝ այդ գործառույթի այնպիսի կիրառման դեպքում, երբ վիճարկվող դրույթում «տեղեկություններ» եզրույթին տրվում է լայն եւ օրենքի ընդհանուր տրամաբանությունից կտրված մեկնաբանություն,

գ/ օրենքի վիճարկվող դրույթը՝ Պաշտպանի կողմից դատարաններին առաջարկներ ներկայացնելու մասով, կարող է ազդել դատական մարմինների անկախության վրա, քանի որ կարող է խոչընդոտել դատավորի եւ դատարանի կողմից միայն գործի փաստերի ու հանգամանքների գնահատման եւ օրենքի սեփական ըմբռնման հիման վրա որոշումներ կայացնելու գործնական հնարավորությունների իրականացմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը նման խմբագրությամբ՝ Պաշտպանի՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու եւ դատարաններին առաջարկներ ներկայացնելու իրավունքի մասով, պայմանավորված չէ անկախ եւ անկողմնակալ արդարադատություն իրականացնելու անհրաժեշտությամբ, ստեղծում է ներօրենսդրական հակասություն, հաշվի առնելով նաեւ իրավակիրառական պրակտիկան՝ միջամտություն է դատական իշխանության գործառույթներին եւ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածին եւ 97 հոդվածի 1-ին մասի դրույթներին։

2. Մարդու իրավունքների պաշտպանի՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու իրավունքը՝ կապված օրենքի 10 հոդվածի 1-ին կետի, 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի եւ 17 հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ, ենթակա է բավարարման, եթե դա միջամտություն չէ դատական վարույթին՝ չի առնչվում կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը, չի վերաբերում դատարանի վարույթում գտնվող գործի քննության նյութական եւ դատավարական բնույթի հարցերին։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ դատարաններից տեղեկություններ պահանջելու իրավունքը՝ կապված օրենքի 10 հոդվածի 1-ին կետի, 12 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, 17 հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ, հակասական իրավակիրառական պրակտիկա չառաջացնելու համար անհրաժեշտ է հստակորեն ամրագրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում։

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 563

print page Տպել էջը