2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՋԱՆՔԵՐԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի մարտի 29-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման եւ զարգացման ջանքերը ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով միջազգային պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն պայմանագիրն ստորագրվել է 2005 թ. մարտի 29-ին՝ Երեւանում։
Պայմանագրի նպատակը ճապոնական փոխառության տրամադրման ընդհանուր պայմանների սահմանումն է։
2. Պայմանագրով Կողմերը համաձայնել են Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի իրագործման համար Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկից 15 մլրդ 918 մլն (տասնհինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն) ճապոնական իենով վարկ տրամադրելու վերաբերյալ։
ՀՀ կառավարության եւ հիշյալ Բանկի միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր։
3. Պայմանագիրը նախատեսում է վարկի մարման 40 տարի ժամկետ՝ ներառյալ 10 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան տոկոսադրույքը՝ 0.75 %, ինչպես նաեւ վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից վճարման 8 տարի ժամկետ։
4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես՝
- նախագծի իրականացման համար ապահովել Բանկի Ուղեցույցների իրագործումը,
- վարկի շրջանակներում գնումների եւ դրանց առնչվող հարցերի կապակցությամբ չկիրառել որեւէ սահմանափակում,
- չխոչընդոտել ապահովագրական ընկերությունների միջեւ արդար եւ ազատ մրցակցությանը,
- Բանկին ազատել վարկի եւ դրան առնչվող շահույթի նկատմամբ Հայաստանում կիրառվող ֆինանսական վճարներից եւ հարկերից,
- Ճապոնիայի քաղաքացիներին ապահովել ՀՀ մուտք գործելու եւ այնտեղ մնալու անհրաժեշտ միջոցներով,
- նախագծի իրագործման համար ներգրավված Ճապոնական կողմի աշխատողներին ազատել ճապոնական ընկերություններից ստացած եկամուտների նկատմամբ կիրառվող բոլոր հարկերից եւ տուրքերից,
- ճապոնական ընկերություններին ազատել Հայաստանում կիրառվող ֆինանսական վճարներից եւ հարկերից,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարկի նպատակային օգտագործման համար,
- ապահովել վարկի շրջանակներում գնված սարքավորումների պահպանումը եւ օգտագործումը,
- ընձեռել գնումների փաստացի հաշվեքննման հնարավորություն։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի մարտի 29-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման եւ զարգացման ջանքերը ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
17 մայիսի
2005 թվականի
ՍԴՈ - 564