2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ARM-P2 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի մարտի 29-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. մարտի 29-ին՝ Երեւանում։ Հիշյալ համաձայնագրի նպատակը Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի ֆինանսավորումն է։
Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկը ՀՀ կառավարությանը տրամադրում է 15 մլրդ 918 մլն (տասնհինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն) ճապոնական իեն։
2. Վարկային համաձայնագրի նկատմամբ ընդհանրապես կիրառվող այլ դրույթներն ու պայմանները կսահմանվեն 1999թ. հոկտեմբերին ընդունված՝ Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) վարկերի ընդհանուր դրույթներում եւ պայմաններում՝ լրացուցիչ պայմաններով։
Ապրանքների ու ծառայությունների գնումները եւ խորհրդատուների վարձակալությունն իրագործվելու են 1999թ. հոկտեմբերին հաստատված՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկ-Զարգացման պաշտոնական աջակցության (JBIC-ODA) վարկերի ներքո կատարվող գնումների եւ խորհրդատուների վարձակալման ուղեցույցներին համապատասխան։
Վարկային համաձայնագրի նկատմամբ կիրառվելու են նաեւ նույն JBIC-ODA վարկերի ներքո նախաորակավորման օրինակելի փաստա- թղթերը, մրցութային օրինակելի փաստաթղթերը, կատարման եւ փոխհատուցման ընթացակարգերը։
3. Վարկային համաձայնագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ՀՀ տնտեսական կայունացման եւ զարգացման ջանքերը ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված միջազգային պայմանագրից։
Վարկային համաձայնագրով ֆինանսավորվող նախագծի հետ առնչվող հարցերը կարգավորվում են նրա անբաժանելի մաս կազմող 6 հավելվածով։
4. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- վարկի հիմնական գումարը Բանկին վերադարձնել ամորտիզացիոն ժամանակացույցին համապատասխան,
- վարկի հիմնական գումարի հանված եւ չմարված մնացորդի դիմաց կիսամյակը մեկ Բանկին վճարել տարեկան 0.75 տոկոսադրույք,
- լիազորել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին իրականացնելու նախագիծը,
- Բանկի պահանջի դեպքում ապահովել փաստացի հաշվեքննման անցկացումը,
- իրականացնող գործակալությունից պահանջել վարձել խորհրդատուներ,
- Բանկին ներկայացնել հաշվետվություններ,
- համաֆինանսավորել նախագծի համար պահանջվող տարեկան գումարի տարբերությունը,
- Բանկին վճարել սպասարկման վարձ՝ կատարման նամակի գումարի 0.1 տոկոսի չափով եւ Վարկառուի համար կատարվող վճարման գումարի 0.1 տոկոսի չափով։
5. Վարկային համաձայնագիրը նախատեսում է նախագիծն ավարտել մինչեւ 2011 թ. սեպտեմբերը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի մարտի 29-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
17 մայիսի
2005 թվականի
ՍԴՈ - 565