ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում՝ 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից:

Արձանագրության նպատակը «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) եւ վերջինիս անձնակազմին հարկային եւ ֆինանսական բնույթի այլ արտոնություններ տրամադրելն է:

2. Արձանագրության 1 եւ 3 հոդվածներին համապատասխան Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում իր գործառույթների շրջանակներում գույքի էական ձեռքբերման կամ նշանակալի արժողությամբ ծառայություններ մատուցելիս, բացառությամբ հասարակությանը մատուցվող ծառայությունների, ինչպես նաեւ Կազմակերպության անձնակազմի ծառայողների աշխատավարձը, պարգեւավճար-

ները, բացառությամբ կենսաթոշակների եւ ամենամյա եկամուտների, ըստ հնարավորության, ազատվում են հարկերից, տուրքերից եւ այլ գանձումներից կամ այդպիսիք վճարվելու դեպքում՝ ստանում այդ գումարների չափով փոխհատուցում:

3. Արձանագրությամբ նախատեսված են նաեւ դրույթներ Կազմակերպության գույքի օտարման կարգի, արձանագրության նորմերի կատարման շրջանակներում համագործակցության, արձանագրությանը միանալու, այն մեկնաբանելու եւ կիրառելու վերաբերյալ:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- համապատասխան գործողություններ ձեռնարկել Կազմակերպությանն արձանագրությամբ նախատեսված հարկերից, տուրքերից եւ այլ գանձումներից ազատելու կամ համարժեք փոխհատուցում տրամադրելու համար,

- երաշխավորել օդանավագնացության անվտանգության համար համագործակցության շրջանակներում ՀՀ-ի կողմից արված կապիտալ ներդրումների դիմաց Կազմակերպության կողմից արված փոխհատուցման վճարների՝ հարկերով, տուրքերով կամ այլ վճարներով չգանձելը՝ արձանագրության 1 հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան,

- Կազմակերպության անձնակազմի աշխատավարձի, պարգեւավճարների հարկման դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ գումարի առնչությամբ Կազմակերպության համապատասխան բյուջե հնարավորինս ճիշտ ֆինանսական ներդրում կատարելու համար:

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների միջեւ զարգացնելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1970թ. հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

17 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 567

print page Տպել էջը