1981 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի՝ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1981թ. փետրվարի 12-ին Բրյուսելում՝ վերին օդային տարածքում ընդհանուր օդային փոխադրումների համատեղ հսկողության համար անդամ պետությունների կողմից եվրոպական համակարգի ստեղծումն ապահովելու նպատակով։
Արձանագրությամբ վերանայվում է 1960թ. դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան (այսուհետեւ՝ Կոնվենցիա)՝ 1970թ. հուլիսի 6-ին եւ 1978թ. նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված արձանագրություններով կատարված փոփոխություններով։ Կոնվենցիան եւ քննության առարկա արձանագրությունը կազմում են միասնական փաստաթուղթ, որն անվանվում է «1981թ. Բրյուսելում փոփոխված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ միջազգային կոնվենցիա /«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»/»։
2. Արձանագրությամբ փոփոխվում են Օդանավագնացության անվտանգության համար եվրոպական կազմակերպության (այսուհետեւ՝ Կազմակերպություն) խնդիրները, Կոնվենցիայի կիրառման շրջանակը, Օդանավագնացության անվտանգության համար մշտական հանձնաժողովի կազմն ու իրավասությունները, այդ հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման ընթացակարգը։
Արձանագրությունն ունի 3 հավելված՝ հավելված 1. «Օդանավագնացության անվտանգության գործակալության կանոնադրությունը», հավելված 2. «Թռիչքների տեղեկատվական շրջանները», հավելված 3. «Անցումային դրույթներ»։
3. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը համաձայնում են ամրապնդել իրենց համագործակցությունը եւ զարգացնել իրենց համատեղ գործողություններն օդանավագնացության ոլորտում՝ պատշաճ ուշադրություն դարձնելով պաշտպանական կարիքների վրա եւ ապահովելով առավելագույն ազատություն օդային տարածքից օգտվողների համար։
Արձանագրության 2-րդ հոդվածը սահմանում է այն միջոցառումները, որոնք Պայմանավորվող կողմերը համաձայնում են իրականացնել այդ համագործակցության շրջանակներում։
4. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կազմակերպության անձնակազմի անդամներին ազատել մաքսային տուրքերից եւ գանձումներից, նրանց բոլոր փաստաթղթերին տրամադրել անձեռնմխելիություն։ Անձեռնմխելիություն է տրամադրվում նաեւ Կազմակերպության շինություններին, Օդանավագնացության անվտանգության գործակալության գլխավոր տնօրենին, Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներին՝ իրենց գործառույթներն իրականացնելիս եւ հանդիպման վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու ընթացքում։
Պայմանավորվող կողմերը Կազմակերպությանը, Գլխավոր տնօրենին եւ Կազմակերպության անձնակազմին ազատում են սոցիալական ապահովության ներպետական մարմիններին պարտադիր մուծումներ կատարելուց։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1981թ. փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
17 մայիսի
2005 թվականի
ՍԴՈ - 569