ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՓՈԽՎԱԾ՝ 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի՝ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱՄՓՈՓՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1997 թվականի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված՝ Բազմիցս փոփոխված՝ 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան ամփոփող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արձանագրությունն ստորագրվել է 1997թ. հունիսի 27-ին՝ Բրյուսելում։

Արձանագրության նպատակը 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան եւ դրանում կատարված փոփոխություններն ամփոփելն ու միացյալ տեքստով ընդունելն է։

Արձանագրությունը դեռեւս ուժի մեջ չի մտել։

Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունն ստորագրել է 2004թ. դեկտեմբերի 10-ին։

2. Քննության առարկա արձանագրությամբ 1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան՝ 1970թ. հուլիսի 6-ի, 1978թ. նոյեմբերի 21-ի եւ 1981թ. փետրվարի 12-ի արձանագրություններով կատարված փոփոխություններով, փոխարինվում է արձանագրությանը կցված տեքստով (այսուհետեւ՝ Կոնվենցիա), որը վերնագրված է «Գործող Կոնվենցիայի՝ ուժի մեջ գտնվող դրույթները եւ 1997 թվականի հունիսի 27-ի՝ Դիվանագիտական համաժողովի կողմից կատարված փոփոխությունները միավորող ամփոփված տարբերակ», եւ որում միավորված են Կոնվենցիայի՝ 1997 թվականի հունիսի 27-ի դրությամբ ուժի մեջ գտնվող տեքստը եւ 1997 թվականի հունիսի 27-ին գումարված Դիվանագիտական համաժողովի կողմից կատարված փոփոխությունները։

3. Կոնվենցիան ունի չորս հավելված՝ հավելված 1. «Գործակալության կանոնադրությունը», հավելված 2. «Թռիչքների տեղեկատվական շրջանները», հավելված 3. «Հարկերին վերաբերող դրույթներ» եւ հավելված 4. «Օդային փոխադրումների սպասարկման վճարների ընդհանուր համակարգին վերաբերող դրույթներ»։

Հավելված 3-ը փոխարինում է 1970 թվականի հուլիսի 6-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը՝ 1978 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի 1970 թվականի հուլիսի 6-ի լրացուցիչ արձանագրությունը փոփոխող արձանագրությամբ եւ 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ «Ի փոփոխություն 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայի» արձանագրության 38 հոդվածով կատարված փոփոխություններով։

Հավելված 4-ը, Կոնվենցիայի համապատասխան դրույթների հետ մեկտեղ, փոխարինում է 1981 թվականի փետրվարի 12-ին Բրյուսելում ստորագրված՝ Օդային երթուղիների սպասարկման վճարների մասին բազմակողմ համաձայնագրին, որը քննության առարկա արձանագրության ուժի մեջ մտնելու պահից համարվում է ուժը կորցրած։

4. Կոնվենցիայի նպատակն օդային փոխադրումների կառավարման միասնական եվրոպական համակարգի ստեղծումն ու տարբեր երկրների օդային փոխադրումների սպասարկման համակարգերի եւ ծառայությունների ներդաշնակեցումն ու ինտեգրման ապահովումն է։ Ընդ որում, այդ նպատակի իրականացումը չպետք է որեւէ կերպ ազդի իր տարածքի վրա գտնվող օդային տարածության նկատմամբ յուրաքանչյուր պետության լիակատար եւ բացարձակ ինքնիշխանության սկզբունքի կամ իր օդային տարածքում սեփական անվտանգության եւ պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր արտոնություններից օգտվելու որեւէ պետության իրավունքների վրա։

5. Կոնվենցիայի նպատակների համար հիմնվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն), որը բաղկացած է երեք մարմիններից՝ Գլխավոր ասամբլեա, որը որոշում եւ հաստատում է Կազմակերպության ընդհանուր քաղաքականությունը, Խորհուրդ, որն ստանձնում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշումների կատարման եւ վերջինիս իրավասությունների շրջանակներում Պայմանավորվող կողմերին ուղղված եւ նրանց պարտականությունների մեջ մտնող բոլոր միջոցների կառավարման, ինչպես նաեւ Գործակալության աշխատանքի վերահսկման պարտականությունները, եւ Գործակալություն, որն ստանձնում է Կազմակերպության վրա դրված եւ Գլխավոր ասամբլեայի կամ Խորհրդի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման, ինչպես նաեւ Կազմակերպության նպատակների իրականացման կապակցությամբ առաջարկություններ ներկայացնելու եւ համապատասխան տեխնիկական, ֆինանսական եւ աշխատանքային միջոցների օգտագործման պարտականությունները։ Կազմակերպության նստավայրը Բրյուսել քաղաքն է։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Կոնվենցիան կիրառվելու է Կոնվենցիայի 2-րդ հավելվածում թվարկված՝ թռիչքների տեղեկատվական շրջաններում օդային փոխադրումներն սպասարկող՝ երթուղում թռիչքի կառավարման համար նախատեսված օդանավագնացության սպասարկման ծառայությունների եւ դրանց հետ առնչվող՝ վայրէջքի գոտում եւ օդանավակայանում թռիչքի կառավարման ծառայությունների նկատմամբ։

Կոնվենցիան սահմանում է Կազմակերպության կարգավիճակը, Գլխավոր ասամբլեայի եւ Խորհրդի կազմավորման կարգը, իրավասությունները, դրանց կողմից որոշումների ընդունման կարգը, այդ որոշումների իրավաբանական ուժը, դրանցով կարգավորվող հարցերի շրջանակը, Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հետ կապված վեճերի լուծման կարգը։

6. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- Կոնվենցիայի նպատակների համար մշակել օդային փոխադրումների կառավարման ոլորտում միասնական եվրոպական քաղաքականություն,

- որեւէ կերպ չսահմանափակել Կազմակերպության պաշտոնական գործունեության առնչությամբ նրա կողմից պատրաստվող կամ նրան ուղարկված հրատարակությունների կամ այլ տեղեկատվական նյութերի տարածումը,

- Կազմակերպությանն ազատել իր հիմնադրմանը, գործունեության դադարեցմանը կամ լուծարմանն առնչվող, ինչպես նաեւ անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված բոլոր տուրքերից, հարկերից եւ այլ վճարներից,

- Կազմակերպությանն ազատել իրեն, իր ունեցվածքին, ակտիվներին եւ եկամուտներին վերագրվող բոլոր ուղղակի հարկերից, փոխառությունների թողարկման եւ իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած բոլոր անուղղակի վճարումներից, բացառիկ կամ խտրական բնույթի ցանկացած հարկումից,

- Կազմակերպությանն ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, հարկերից կամ համանման նպատակով գանձվող վճարներից, պաշտոնական օգտագործման համար Կազմակերպության շինությունների եւ օբյեկտների կամ նրա գործունեությունն ապահովելու համար ներմուծված նյութերի, սարքավորումների, ռեսուրսների եւ այլ առարկաների նկատմամբ ներմուծման կամ արտահանման որեւէ արգելքից կամ սահմանափակումից, իր գործունեությանն առնչվող հրատարակությունների նկատմամբ բոլոր տեսակի մաքսատուրքերից եւ ներմուծման կամ արտահանման որեւէ արգելքից կամ սահմանափակումից,

- Կազմակերպության անձնակազմի անդամներին ազատել մաքսատուրքերից եւ վճարներից՝ իրենց անձնական օգտագործման իրերը, շարժական գույքը եւ տնտեսական այլ ապրանքները ներմուծելիս,

- Կազմակերպությանը, նրա Գլխավոր տնօրենին եւ անձնակազմին ազատել տվյալ պետության սոցիալական ապահովության հիմնադրամին կատարվող բոլոր պարտադիր վճարումներից, եւ այլ պարտավորություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997թ. հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված՝ Բազմիցս փոփոխված՝ 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության մասին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիան ամփոփող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

17 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 571

print page Տպել էջը