2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓՎԱԾ՝ 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի՝ ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 մայիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված՝ Բազմիցս փոփոխված եւ 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված՝ 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2002թ. հոկտեմբերի 8-ին՝ Բրյուսելում։
Արձանագրության նպատակը Բազմիցս փոփոխված եւ 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված՝1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա) Եվրոպական համայնքի միանալն է։
Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է 2004թ. դեկտեմբերի 10-ին։
2. Արձանագրությամբ Եվրոպական համայնքն իր իրավասությունների շրջանակներում, Կոնվենցիայի 40 հոդվածին համապատասխան, միանում է Կոնվենցիային։ Արձանագրությանը Եվրոպական համայնքի միանալու նպատակը Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») օժանդակություն ցույց տալն է, նրա՝ Կոնվենցիայում նշված նպատակների իրականացման, հատկապես Եվրոպայում օդային փոխադրումների ռազմավարությունը սահմանող միասնական եւ գործուն մարմին դառնալու հարցում։
3. Արձանագրությամբ Եվրոպական համայնքին տրվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ում իր ներկայացուցիչներն ունենալու եւ «ԵՎՐԱԿՈՆՏ- ՐՈԼ»-ի բոլոր այն մարմինների աշխատանքին մասնակցելու իրավասություն, որոնցում, որպես Պայմանավորվող կողմ, իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալու Եվրոպական համայնքի որեւէ անդամ պետություն։
Եվրոպական համայնքը, ի տարբերություն Կոնվենցիայի մյուս Պայմանավորվող կողմերի, չի կարող թեկնածուներ ներկայացնել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ընտրովի մարմիններում անդամակացության, ինչպես նաեւ այն մարմիններում պաշտոնների համար, որոնց մասնակցելու իրավունք ունի։
Եվրոպական համայնքը «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի բյուջե մուծումներ չի կատարելու։
4. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կոնվենցիայի դրույթներն այնպես մեկնաբանել, որ Եվրոպական համայնքը նույնպես, իր իրավասությունների շրջանակներում, հանդես գա որպես Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002թ. հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված՝ Բազմիցս փոփոխված եւ 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված՝ 1960 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
17 մայիսի
2005 թվականի
ՍԴՈ - 572