ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 30 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված՝ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2003թ. սեպտեմբերի 18-ին Յալթայում՝ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետության բարձրացման նպատակով։

Համաձայնագրով կարգավորվում են Պայմանավորվող կողմերի ավտոտրանսպորտային միջոցներով միջազգային բեռնատար հաղորդակցություններում փոխադրումների իրականացման հետ կապված հարցերը, երբ բեռների փոխադրումն իրականացվում է առնվազն երկու Կողմերի տարածքներով եւ մեկնարկման կետը գտնվում է Կողմերից որեւէ մեկի տարածքում։

2. Պայմանավորվող կողմերը փոխադարձության սկզբունքով պարտավորվում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող փոխադրողներին ազատել պետական եւ տեղական գանձումներից՝ կապված ճանապարհների եւ այլ հաղորդակցության ուղիների օգտագործման կամ պահպանման, տրանսպորտային միջոցների օգտագործման կամ տիրապետման հետ։

Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով Կողմերը ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված փոխադրողների գործունեության կարգավորման բնագավառում ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանը։

Կողմերն իրենց տարածքում ճանաչում են միմյանց ավտոտրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթերը եւ նշանները։

3. Համաձայնագիրը սահմանում է փոխադրողի պարտականությունները։ Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման կարգը վերահսկում է Կողմի իրավասու մարմինը։

Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են Կողմերի մասնակցությամբ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին այլ համաձայնագրերից։

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԱՊՀ մասնակից պետություններից համաձայնագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը եւ Բելառուսը, իսկ Ղրղզստանը եւ Մոլդովան կատարել են վերապահում, Ադրբեջանը եւ Վրաստանը ներկայացրել են հատուկ կարծիք։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առարկություն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի 4-րդ կետի՝ վերջինիս՝ համաձայնագրի առարկային եւ նպատակին հակասելու հիմքով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. 2003թ. սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված՝ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 574

print page Տպել էջը