ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4038 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 30 մայիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4038 AM զարգացման վարկի համաձայնագրում (Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 15-ին՝ Երեւանում:

Համաձայնագրի նպատակը Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է:

Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցության 1985թ. հունվարի 1-ի (մինչեւ մայիսի 1-ը կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»՝ քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը։

Համաձայնագրի շրջանակներում կատարվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի՝ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի եւ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի եւ փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնին եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները՝ 2004 թվականի մայիսի՝ «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության եւ վարձման» ուղեցույցների 1-ին եւ 4-րդ բաժիններին եւ համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան։

Համաձայնագիրն ունի հինգ հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ եւ խորհրդատուների ծառայություններ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր» եւ «Հավելված 5. Հատուկ հաշիվ»։

2. Ծրագրի նպատակն է աջակցել վարկառուին Երեւան քաղաքին ապահով եւ անընդհատ ջրամատակարարում ապահովելու հարցում։

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ մասերից. «Մաս Ա. Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման հիմնադրամ», որը ներառում է հիմնադրամի միջոցների օգտագործումը Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի շահագործման եւ պահպանման բարելավմանն ուղղված ներդրումներին եւ նույն համակարգի վերականգնմանն օժանդակելու նպատակով՝ էլեկտրաէներգիայի խնայողության, կորուստների նվազեցման եւ մատակարարման հուսալիության, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման ոլորտներում, «Մաս Բ. Տեխնիկական աջակցություն», որը ներառում է Ծրագրի մոնիտորինգի գրասենյակին (ԾՄԳ)՝ Ծրագրի իրականացման արդյունավետ կառավարման գործում օժանդակելու համար ծառայությունների մատուցումը եւ վերապատրաստումը, ներառյալ Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության միջանկյալ շահագործման կառավարմանն օժանդակելը։

Նախատեսվում է ծրագիրն ավարտել մինչեւ 2010 թվականի օգոստոսի 31-ը։

3. Ըստ համաձայնագրի՝ Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված՝ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի իրականացման նպատակով համաձայնագրում նշված ժամկետներում եւ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրել տասներեք միլիոն փոխառության հատուկ իրավունքներին (13.000.000 SDR) համարժեք գումար:

Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի հետեւյալ ուղղությունները. աշխատանքներ - 7.000.000, ապրանքներ - 2.600.000, խորհրդատվական ծառայություններ - 1.530.000, աճող գործառնական ծախսեր - 420.000, Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործում եւ կառավարում - 150.000, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի վերաֆինանսավորում - 1.300.000։

Վարկի փակման օրը 2011թ. փետրվարի 28-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից։

Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.

- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին եւ նոյեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճարը՝ տարեկան 0.5% տոկոսադրույքով,

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված եւ չվճարված գումարներից հաշվարկված՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին եւ նոյեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար՝ տարեկան 0.75% տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին եւ նոյեմբերի 1-ին, սկսած 2015 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2044 թվականի նոյեմբերի 1-ը, մարել վարկի հիմնական գումարը,

- պատշաճ ջանասիրությամբ եւ արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը՝ պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները եւ սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ եւ այլ ռեսուրսներ,

- վարել ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,

- Ընկերակցության համար ընդունելի ժամկետներում եւ պայմաններով բացել նախնական ավանդով Ծրագրի հաշիվ՝ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով,

- Ընկերակցության համար ընդունելի միջոցներ ձեռնարկել Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործման եւ կառավարման համար,

- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների, ապրանքների, խորհրդատվական ծառայությունների, աճող գործառնական ծախսերի, Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործման եւ կառավարման ծախսերի 10 տոկոսը։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի պահանջներից ելնելով՝ գնահատելով սույն ոլորտին վերաբերող նախկինում կնքված վարկային համաձայնագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրում է.

ա) Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1998թ. հունիսի 19-ին Երեւանում ստորագրված՝ 3095 AM զարգացման վարկային համաձայնագրով (Համայնքային զարգացման ծրագիր), որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1998թ. հուլիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ՝ 22.3 մլն SDR (30 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարի չափով։ Համաձայնագիրը կնքվել է 35 տարով։ Նախատեսված էր ծրագիրն ավարտել 2003թ. հունիսի 30-ին,

բ) Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երեւանում ստորագրված՝ Կանխավճար համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրով, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2001թ. նոյեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ՝ 1.195.000 ԱՄՆ դոլար գումարի չափով: Կանխավճարի գումարի՝ տոկոսի կամ ծառայության վճարի հետ մեկտեղ, վերադարձնելն իրականացվելու էր 2003թ. հունվարի 31-ին,

գ) Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2004 թվականի հունիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրով (Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր), որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004թ. հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ՝ տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (15.400.000 ՓՀԻ) գումարի չափով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2008թ. սեպտեմբերի 30-ը։ Վարկի փակման օրը 2009թ. փետրվարի 28-ն է կամ Ընկերակցության կողմից հաստատման ենթակա ավելի ուշ ժամկետ,

դ) սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն, որ ՀՀ Ազգային ժողովն ստեղծել է հատուկ ժամանակավոր հանձնաժողով՝ սույն ոլորտին վերաբերող վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վիճակի ուսումնասիրման նպատակով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. ապրիլի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4038 AM զարգացման վարկի համաձայնագրում (Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ - 577

print page Տպել էջը