ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված՝ Վճարովի արձակուրդների մասին վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1970թ. հունիսի 24-ին՝ աշխատողների համար վճարովի արձակուրդ երաշխավորելու նպատակով։

Կոնվենցիան կիրառվում է բոլոր աշխատողների նկատմամբ՝ բացառությամբ նավաստիների։ Կոնվենցիան Պայմանավորվող կողմերին թույլատրում է անհրաժեշտության դեպքում կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել այն աշխատողների սահմանափակ կատեգորիաները, որոնց աշխատանքի կապակցությամբ կարող են ծագել օրենսդրական կամ սահմանադրական հարցերին առնչվող էական խնդիրներ։ Նման բացառում կիրառող մասնակից պետությունը դրա պատճառների մասին պետք է նշի կոնվենցիայի կիրառման մասին առաջին զեկույցում։

2. Կոնվենցիայի մասնակից պետությունները յուրաքանչյուրի համար, ում նկատմամբ կոնվենցիան կիրառելի է, երաշխավորում են ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք՝ սահմանված նվազագույն տեւողությամբ։ Ամենամյա վճարովի արձակուրդը չպետք է պակաս լինի աշխատանքային երեք շաբաթից։ Ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի իրացման համար կարող է պահանջվել աշխատանքի նվազագույն ժամանակաշրջան, որը սահմանում է մասնակից պետության շահագրգիռ մարմինը։ Աշխատողից անկախ պատճառներով աշխատանքից բացակայությունը, ինչպիսիք են հիվանդությունը, խեղումը կամ մայրությունը, պետք է հաշվարկվի որպես աշխատանքային ժամանակահատվածի մաս։

Կոնվենցիայի մասնակից պետություններն արձակուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար երաշխավորում են տվյալ աշխատողի առնվազն հիմնական կամ միջին վարձատրությունը։

Մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել արդյունավետ միջոցներ վճարովի արձակուրդի վերաբերյալ դրույթների պատշաճ կատարումն ապահովելու համար։

Կոնվենցիան արգելում է վճարովի արձակուրդի իրավունքից հրաժարվելու կամ արձակուրդը չօգտագործելու վերաբերյալ համաձայնությունը։

3. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը 28 օր է։

4. Կոնվենցիայով ստանձնված պարտավորություններն ստեղծում են միջազգային իրավական երաշխիք՝ ՀՀ Սահմանադրության 30 հոդվածում ամրագրված հանգստի իրավունքի իրացման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1970թ. հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված՝ Վճարովի արձակուրդների մասին վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 578

print page Տպել էջը