ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1973 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1973 թվականի հունիսի 6-ին Ժնեւում ստորագրված՝ Նվազագույն տարիքի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1973թ. հունիսի 6-ին՝ մանկական աշխատանքի արդյունավետ վերացմանը նպաստելու նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1976թ. հունիսի 19-ին։

2. Կոնվենցիան ճշգրտում է դրա կիրառման շրջանակը՝ միաժամանակ մասնակից պետություններին հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել զբաղվածության կամ աշխատանքի սահմանափակ կատեգորիաները։

Մասնակից պետությունների կողմից սահմանվող՝ աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը չի կարող ցածր լինել դպրոցական պարտադիր ուսումն ավարտելու տարիքից եւ բոլոր դեպքերում չպետք է ցածր լինի 15-ից։ Իր բնույթով կամ իրագործման հանգամանքների բերումով դեռահասի առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը հնարավոր վնաս հասցնող աշխատանքի ընդունելու տարիքը չպետք է ցածր լինի 18-ից։ Մասնակից պետությունների ներպետական օրենսդրությունը կարող է թույլատրել 13-ից 15 տարեկանների աշխատանքը միայն նրանց առողջության կամ զարգացման համար վտանգ չներկայացնող եւ դպրոց հաճախելուն չխանգարող թեթեւ աշխատանքների դեպքում։

3. Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրականացնել ազգային քաղաքականություն՝ ուղղված մանկական աշխատանքի արդյունավետ վերացմանը եւ զբաղվածության կամ աշխատանքի ընդունման նվազագույն տարիքի հետզհետե բարձրացմանն այն մակարդակի, որն առավելագույնս համապատասխանի դեռահասների մարմնական եւ մտավոր զարգացմանը։

Մասնակից պետությունների իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կոնվենցիայի դրույթների արդյունավետ կատարումն ապահովելու համար։

4. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ իր տարածքում զբաղվածության կամ աշխատանքի ընդունվելու եւ իր տարածքում գրանցված փոխադրամիջոցների ոլորտում աշխատանքի ընդունվելու նվազագույն տարիքը 16 տարեկանն է։

5. Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 32 հոդվածում ամրագրված սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1973թ. հունիսի 6-ին Ժնեւում ստորագրված՝ Նվազագույն տարիքի մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 579

print page Տպել էջը