ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 2 սեպտեմբերի 1997թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 13-ին՝ Սերախս քաղաքում։ Համաձայնագրի նպատակն է օժանդակել Կողմերի միջեւ առեւտրատնտեսական եւ այլ կապերի զարգացմանը։ Այդ նպատակով Կողմերը նախատեսում են ազատ տարանցիկի կարգ՝ չհարկվող բեռնափոխադրումներ իրականացնելու համար, բացառությամբ տրանսպորտային եւ վարչական ծառայությունների ծախսերի, որոնք հատուցվում են ամենաարտոնյալ պայմաններով։ Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ապահովել տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող անձնակազմի անվտանգությունը եւ տարանցիկ բեռների ու շարժակազմի պահպանումը։ Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման նպատակով նախատեսվում է Կողմերի ներկայացուցիչների հանդիպումներ, ընդ որում, համաձայնագրով չկարգավորվող հարցերը ենթակա են լուծման Կողմերի ազգային օրենսդրությամբ եւ միջազգային նորմերով նախատեսված կարգով։
Համաձայնագիրը բաց է բոլոր այն պետությունների համար, որոնց տրանսպորտային ցանցը տեխնոլոգիական կապ ունի Կողմ պետությունների տրանսպորտային ցանցերի հետ։
Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով եւ կգործի մինչեւ Կողմերից որեւէ մեկը 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, կամ՝ կգործի եւս 10 տարի ժամկետով, եթե Կողմերն այլ հայտարարություն չանեն։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներին,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանա-դրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1996 թվականի մայիսի 13-ին Սերախս քաղաքում ստորագրված՝ Ուզբեկստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարանցիկ փոխադրումների կարգավորման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2 սեպտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 58