1921 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ՀԱՆԳՍՏԻ ՄԱՍԻՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ) ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 7 հունիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1921 թվականի նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված՝ Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում) կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է Ժնեւում 1921թ. հոկտեմբերի 25-ին հրավիրված իր երրորդ նստաշրջանում՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների համար ամենշաբաթյա հանգիստ երաշխավորելու նպատակով։
2. Կոնվենցիան ճշգրտում է արդյունաբերական ձեռնարկության հասկացության բովանդակությունը։ Կոնվենցիան կիրառելի է բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ՝ անկախ դրանց սեփականության ձեւից։
Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող ողջ անձնակազմի համար յուրաքանչյուր յոթնօրյա ժամանակահատվածի ընթացքում երաշխավորել քսանչորսժամյա անընդմեջ հանգիստ։
Կոնվենցիան նախատեսում է այս պարտավորությունից որոշակի բացառությունների հնարավորություն։ Այդ բացառությունների մասին տվյալ մասնակից պետությունը ծանուցում է Աշխատանքի միջազգային բյուրոյին։
Մասնակից պետություններն ապահովում են, որ յուրաքանչյուր գործատու, տնօրեն կամ ղեկավար անձնակազմին տեղեկացնի հանգստի օրվա մասին։
3. Հայաստանի Հանրապետությունը կից հայտարարությամբ ծանուցում է, որ ՀՀ-ում աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից։
4. Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները նպատակաուղղված են ՀՀ Սահմանադրության 30 հոդվածով երաշխավորված հանգստի իրավունքի իրացմանը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1921թ. նոյեմբերի 11-ին Ժնեւում ստորագրված՝ Ամենշաբաթյա հանգստի մասին (արդյունաբերության ոլորտում) կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 581