2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 7 հունիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի սեպտեմբերի 8-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա երկկողմ միջպետական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 8-ին՝ Երեւանում: Պայմանագրի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, առեւտրային, գիտատեխնիկական եւ այլ բնագավառներում:
2. Պայմանագիրը որպես երկկողմ հարաբերությունների սկզբունքներ է ամրագրում իրավահավասարության, համագործակցության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները:
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար պարտավորվում են ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, թույլ չտալ օգտագործել իրենց երկրի տարածքը մյուս երկրների նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար, միմյանց միջեւ հնարավոր տարաձայնությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:
Կողմերը պարտավորվում են նաեւ նպաստավոր պայմաններ ստեղծել միմյանց ներդրողների համար:
3. Պայմանագիրը որպես համագործակցության հիմնական ուղղություններ է նշում էներգետիկայի եւ տրանսպորտի, կրթության, գիտության եւ տեխնիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, զբոսաշրջության, սպորտի բնագավառները: Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն նաեւ կազմակերպված հանցավորության, միջազգային ահաբեկչության, ապօրինի ֆինանսական գործառնությունների, անվտանգության դեմ ուղղված գործողությունների, անօրինական միգրացիայի, մշակութային արժեքների, զենքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ մաքսանենգության դրսեւորումների դեմ պայքարում:
Կողմերի միջեւ առավել սերտ համագործակցություն նախատեսվում է իրականացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Նախատեսվում է խորհրդարանական համագործակցության ընդլայնում՝ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական պատգամավորական խմբերի միջեւ:
4. Պայմանագրի դրույթները համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված արտաքին քաղաքականության սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 582