ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ ՏԱՐԻՆ՝ 2004) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 7 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 7-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին (հատկացման տարին՝ 2004) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. ապրիլի 7-ին Երեւանում՝ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալական եւ տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։

Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների համատեղ որոշմամբ ընտրված այլ վարկառուներին տրամադրում է 6 մլն եվրո վարկ եւ 1.5 մլն եվրո դրամական օժանդակություն։

2. Համաձայնագիրը նախատեսում է վարկային գումարների օգտագործման, դրանց հատկացման նախապայմանների, ինչպես նաեւ հանձնարարականների բաշխման կարգը, որոնք սահմանվում են հիշյալ Բանկի եւ վարկառուների միջեւ հետագայում կնքվելիք պայմանագրերով՝ ԳԴՀ-ի իրավական նորմերին համապատասխան։

3. Համաձայնագիրը նախատեսում է նաեւ, որ եթե Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրի օժանդակման նպատակահարմարությունը չհաստատվի, ինչպես նաեւ տրամադրված միջոցները չօգտագործվեն համաձայնագրով նախատեսված նպատակով, ապա այդ միջոցները կարող են փոխակերպվել վարկի։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- երաշխավորել Բանկի օգտին վճարումները եվրոյով, եթե վարկառուն Հայաստանի կառավարությունը չէ,

- Բանկին տալ երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել ֆինանսական օժանդակություն ստացողի եւ Բանկի միջեւ կնքվելիք պայմանագրից, երբ այդ օժանդակություն ստացողը Հայաստանի կառավարությունը չէ,

- ազատել Բանկին բոլոր տեսակի հարկերից եւ պետական այլ տուրքերից,

- ԳԴՀ կառավարության միջոցներով ֆինանսավորվող ֆիրմաների եւ մասնագետների՝ առաքումների եւ ծառայությունների համար չսահմանել հարկեր եւ այլ տուրքեր, իսկ այդ ֆիրմաներին եւ մասնագետներին ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից եւ մաքսատուրքերից ու այլ վճարումներից,

- ապահովել ԳԴՀ փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը վարկի կամ դրամական օժանդակության տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաեւ այդ ձեռնարկություններին տալ անհրաժեշտ թույլտվություններ։

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, համաձայն ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումների՝ վարկային ռեսուրսները հատկացվում են 40 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան 0.75 տոկոսադրույքով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի ապրիլի 7-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ Կովկասյան նախաձեռնության շրջանակներում ֆինանսական համագործակցության մասին (հատկացման տարին՝ 2004) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

7 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 583

print page Տպել էջը