ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2004 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունը 1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում։ Արձանագրության նպատակն է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի (այսուհետեւ՝ Համաձայնագիր) եւ Համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրության (այսուհետեւ՝ Արձանագրություն) շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը։

2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը 2001թ. փետրվարի 27-ին կայացրել է որոշում, եւ հիշյալ Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2001թ. ապրիլի 4-ին։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ Արձա- նագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը 2003թ. հունիսի 10-ին կայացրել է որոշում, եւ Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2003թ. դեկտեմբերի 1-ին։

Քննության առարկա արձանագրությունը հանդիսանում է նշված Արձանագրության անբաժանելի մասը։

3. Ըստ վերոհիշյալ Համաձայնագրի՝ մատակարարող Կողմն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելու դրա շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ: 2003 թվականի դեկտեմբերի 1-ին վավերացված Արձանագրությամբ հնարավորություն է ընձեռվում Կողմերի զինված ուժերի կարիքների համար Համաձայնագրին համապատասխան հսկողություն իրականացնել արտոնյալ պայմաններով ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ:

4. Քննության առարկա արձանագրությամբ ընդլայնվում է արտոնյալ պայմաններով մատակարարվող ռազմական նշանակության այն արտադրանքի շրջանակը, որը կարող է լինել հսկողության առարկա։

Համաձայն արձանագրությամբ կատարված փոփոխության՝ հսկողության նպատակն է Համաձայնագրով եւ երկկողմ պայմանագրերով նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման, այն է՝ ազգային զինված ուժերում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ դրա դուրսգրման հիմնավորման ստուգումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 584

print page Տպել էջը