ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՈՐՈՇՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված՝ 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա փոփոխությունն ընդունվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ՝ համաձայն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 56 հոդվածի 1-ին կետի։

2. Փոփոխության նպատակը Մոնղոլիան Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության երկիր դարձնելն է, քանի որ վերջինս ընդգրկված չի եղել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիրների սկզբնական պլաններում նախատեսված գործառույթների տարածքում։

3. Փոփոխությամբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածում ավելացվել է երկու նախադասություն, որոնց համաձայն՝ Բանկի նպատակը կարող է իրականացվել նաեւ Մոնղոլիայում նույն պայմաններով։ Այդ կապակցությամբ համաձայնագրում եւ նրա հավելվածներում ցանկացած հղում՝ «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ», «երկրներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից», «ստացող երկիր (կամ ստացող երկրներ)» կամ «ստացող երկիր, Բանկի անդամ (կամ ստացող երկրներ, Բանկի անդամներ)» արտահայտություններին, վերաբերում է նաեւ Մոնղոլիային։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2004 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունված՝ 1990 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադիր համաձայնագրի 1-ին հոդվածի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 585

print page Տպել էջը