ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1962 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ)» ԹԻՎ 118 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 28 հունիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1962 թվականի հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1962 թվականի հունիսի 28-ին, Ժնեւում՝ սոցիալական ապահովության բնագավառում քաղաքացիների եւ ոչ քաղաքացիների միջեւ իրավահավասարություն ապահովելու նպատակով: Այն ուժի մեջ է մտել 1964 թվականի ապրիլի 25-ին։

2. Կոնվենցիան, սահմանելով սոցիալական ապահովության բնագավառները, յուրաքանչյուր մասնակից պետության հնարավորություն է ընձեռում ընդունել դրանցից մեկ կամ մի քանի ուղղության կատարման պարտավորություն, որոնց վերաբերյալ ունի իր տարածքում իր քաղաքացիների նկատմամբ արդյունավետ կերպով կիրառվող օրենսդրություն: Հայաստանի Հանրապետությունը կից հայտարարությամբ պարտավորվում է կիրառել Կոնվենցիայի դրույթները բոլոր նշված ուղղություններով, այն է՝ բուժօգնության, հիվանդության, մայրության, հաշմանդամության, ծերության, աշխատանքային խեղման, գործազրկության, ընտանեկան նպաստների, ինչպես նաեւ կերակրողին կորցնելու կապակցությամբ նախատեսված նպաստների առումով։

Նշված ուղղությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- Կոնվենցիայի մասնակից այլ պետությունների քաղաքացիներին, փոխադարձության սկզբունքով, իր տարածքում ցուցաբերել իր քաղաքացիներին հավասար վերաբերմունք՝ ինչպես նրանց նկատմամբ օրենսդրության կիրառման, այնպես էլ նպաստների իրավունքի առնչությամբ.

- Կոնվենցիայի դրույթները կիրառել փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ առանց փոխադարձության պայմանի։

Կոնվենցիայի դրույթները հետադարձ ուժ չունեն եւ չեն կիրառվում մինչեւ տվյալ մասնակից պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը վճարված նպաստների նկատմամբ:

3. Քննության առարկա Կոնվենցիան համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված դրույթին, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում է սոցիալական պետություն: ՀՀ Սահմանադրության 33 հոդվածով քաղաքացիներին ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունքի վերապահումը չի բացառում ոչ քաղաքացիների նույն իրավունքները, ինչը նշված է ՀՀ Սահմանա- դրության 43 հոդվածում, որով սահմանվում է, որ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու հանրաճանաչ իրավունքների բացառում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1962 թվականի հունիսի 28-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Իրավահավասարության մասին (սոցիալական ապահովության բնագավառում)» թիվ 118 կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

28 հունիսի 2005 թվականի
ՍԴՈ - 586

print page Տպել էջը