1975 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻԳՐԱՆՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ)» ԹԻՎ 143 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 28 հունիսի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1975 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին (լրացուցիչ դրույթներ)» թիվ 143 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1975 թվականի հունիսի 24-ին՝ Ժնեւում, որի նպատակը միգրանտ աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն է՝ կապված նրանց ներգաղթի եւ զբաղվածության օրինականացման, տեղաշարժի, աշխատանքային եւ սոցիալական մի շարք իրավունքների իրացման հետ:
2. ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքի համաձայն՝ կոնվենցիայի նախաբանում հիշատակված միջազգային իրավական փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունն օրենսդրությամբ սահմանված կարգով որեւէ իրավական պարտավորություն չի ստանձնել, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է 1992 թվականի մարտին՝ ՀՀ կառավարության համապատասխան ծանուցման հիմքով:
3. Կոնվենցիայի 11 հոդվածով սահմանված է «միգրանտ աշխատող» արտահայտության իմաստը: Կոնվենցիայի դրույթներն ընդհանուր առմամբ կոչված են ինչպես սահմանափակելու անօրինական միգրացիան, այնպես էլ լրացուցիչ երաշխիքներ նախատեսելու միգրանտ աշխատողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- հարգել միգրանտ աշխատողների՝ մարդու հիմնարար իրավունքները,
- պարբերաբար ճշտել իր տարածքում անօրինական միգրանտ աշխատողների առկայության, ինչպես նաեւ միգրանտների տեղաշարժի եւ աշխատելու ընթացքում միջազգային իրավական ակտերի կամ ազգային օրենսդրության նորմերի խախտման փաստերը,
- ձեռնարկել անհրաժեշտ եւ համապատասխան բոլոր միջոցները, այդ թվում՝ նաեւ միջազգային համագործակցության շրջանակներում, միգրանտ աշխատողների գաղտնի շարժը եւ միգրանտների անօրինական զբաղվածությունը կանխելու, այն կազմակերպողներին, ինչպես նաեւ անօրինական ներգաղթածներին աշխատանք տրամադրողներին հայտնաբերելու եւ կոնվենցիայի 6 հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
- որպես միգրանտ աշխատողներ կամ որպես նրանց ընտանիքների անդամներ օրինականորեն ՀՀ-ում գտնվող անձանց համար ներպետական պայմաններին եւ պրակտիկային համապատասխան մեթոդներով եւ իրավահավասարության սկզբունքով ապահովել աշխատանքի, սոցիալական ապահովության, մշակութային եւ այլ բնագավառներում անհատական եւ կոլեկտիվ իրավունքների գործադրման հնարավորություն,
- կոնվենցիայի դրույթների իրագործման նպատակով ազգային պայմաններին եւ պրակտիկային համապատասխան մեթոդներով ձգտել գործատուների եւ աշխատողների կազմակերպությունների եւ այլ համապատասխան մարմինների միջեւ համագործակցության, ապահովելով իրավական անհրաժեշտ պայմաններ կոնվենցիայի 10 հոդվածում ամրագրված քաղաքականության իրագործման համար:
5. Կոնվենցիայի 14 հոդվածի դրույթներով միաժամանակ հնարավորություն է տրվում որոշակի պայմաններով իրացնել միգրանտ աշխատողների ազատ տեղաշարժի եւ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:
6. Կոնվենցիայի մի շարք դրույթներով (2, 6, 7, 8 եւ 9 հոդվածներ) լրացուցիչ երաշխիքներ են նախատեսված գործատուների եւ միգրանտ աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, մասնավորապես՝ կապված գործատուներին եւ աշխատողների ներկայացուցչական կազմակերպություններին անհրաժեշտ խորհրդատվությամբ եւ տեղեկատվությամբ ապահովելու, կոնվենցիայի 2 հոդվածում նշված խախտումների քննության դեպքում ապացույցների ներկայացման, աշխատանքի անվտանգության ապահովման, այլընտրանքային զբաղվածության եւ մասնագիտական վերապատրաստման, նախորդ զբաղվածության հետ կապված միգրանտ աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանման հետ:
7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4, 9, 22 եւ 29 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, նրա ազատ տեղաշարժի եւ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրացումը, միաժամանակ պետությունների միջեւ զարգացնելով բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերություններ, եւ համահունչ են նաեւ այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական այլ պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1975 թվականի հունիսի 24-ին Ժնեւում ստորագրված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրանտ աշխատողների մասին (լրացուցիչ դրույթներ)» թիվ 143 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
28 հունիսի
2005 թվականի
ՍԴՈ - 587