ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 97 ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հուլիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Զբաղվածության համար միգրացիայի մասին թիվ 97 վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949 թվականի հուլիսի 1-ին՝ Ժնեւում։

Կոնվենցիայի նպատակը «Զբաղվածության համար միգրացիայի մասին» 1939 թվականի կոնվենցիայի վերանայումը, միգրանտ աշխատողներին աջակցելը եւ, մասնավորապես, նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար անվճար ծառայության ստեղծումն է։

Կոնվենցիան բաղկացած է երեք հավելվածներից. «Հավելված 1. Կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների մասին համաձայնությունների շրջանցմամբ հավաքագրված միգրանտ աշխատողների հավաքագրումը, աշխատանքի տեղավորումը եւ աշխատանքային պայմանները», «Հավելված 2. Կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների մասին համաձայնությունների շրջանակներում հավաքագրված միգրանտ աշխատողների հավաքագրումը, աշխատանքի տեղավորումը եւ աշխատանքային պայմանները», «Հավելված 3. Միգրանտ աշխատողների անձնական ունեցվածքի, աշխատանքային գործիքների եւ սարքավորումների ներկրումը»։

2. Կոնվենցիայի 15 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ արել է հայտարարություն, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել Կոնվենցիայի եւ դրա բոլոր Հավելվածների դրույթները առանց փոփոխությունների Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնվենցիայի 15 հոդվածի 2-րդ կետի ուժով կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարության մեջ նշված պարտականությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը։

3. Կոնվենցիայի 11 հոդվածի դրույթներին համապատասխան կոնվենցիան տարածվում է այն անձանց վրա, որոնք գաղթում են մի երկրից մեկ այլ երկիր՝ զբաղվածության նպատակով, ինչպես նաեւ այն անձանց վրա, որոնք օրինականորեն համարվում են միգրանտ աշխատողներ։

4. Քննության առարկա կոնվենցիայով Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ պետություններն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- աջակցել միգրանտ աշխատողներին եւ, մասնավորապես, նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար ստեղծել համապատասխան եւ անվճար ծառայություն,

- ներպետական նորմատիվ ակտերի թույլատրելի սահմաններում ձեռնարկել արտագաղթի եւ ներգաղթի վերաբերյալ ապակողմնորոշիչ քարոզչության դեմ ուղղված բոլոր համապատասխան քայլերը,

- իրենց իրավասության սահմաններում ստեղծել բժշկական համապատասխան ծառայություններ, որոնք պատասխանատու են անհրաժեշտության դեպքում՝ ինչպես մեկնելիս, այնպես էլ ժամանելիս միգրանտ աշխատողների եւ նրանց միանալու կամ ուղեկցելու թույլտվություն ստացած ընտանիքների անդամների առողջական վիճակի բավարար լինելը հաստատելու համար,

- առանց խտրականության, իրենց տարածքներում օրինականորեն գտնվող ներգաղթածներին տրամադրել իրենց քաղաքացիներին տրամադրվող վերաբերմունքից ոչ պակաս բարերար վերաբերմունք ,

- մշտապես բնակվելու թույլտվություն ունեցող միգրանտ աշխատողին եւ նրան ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ունեցող՝ նրա ընտանիքի անդամներին հետ չուղարկել իրենց ծագման երկիր կամ այն երկիր, որտեղից նրանք արտագաղթել են, այն պատճառով, որ տվյալ միգրանտն ի վիճակի չէ շարունակելու իր աշխատանքը հիվանդության կամ իր ժամանումից հետո ստացած վնասվածքի պատճառով,

- պատասխանատվության ենթարկել գաղտնի կամ անօրինական ներգաղթին աջակցող անձանց,

- փախստական կամ տեղահանված անձ հանդիսացող միգրանտ աշխատողի՝ որեւէ աշխատանքի համար ավելորդ դառնալու դեպքում երաշխավորել իրենց իրավասու իշխանությունների կողմից բոլոր ջանքերի գործադրումը՝ միգրանտին հարմար զբաղվածություն գտնելու, ինչպես նաեւ նրա ապրուստն ապահովելու համար՝ մինչեւ վերջինիս կողմից որեւէ զբաղվածություն գտնելը կամ այլ վայր տեղափոխվելը,

- որպես ներգաղթի երկրներ՝ հավաքագրված միգրանտներին եւ նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող անձնական ունեցվածքը, ձեռքի շարժական գործիքները եւ շարժական այնպիսի սարքավորումները, որոնք սովորաբար օգտագործվում են աշխատողների հիմնական մասնագիտության համար, ազատել մաքսային տուրքերից։

5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 25, 29, 30, 31, 32, 33, 38, 39, 43 հոդվածներ) կոչված են ապահովելու պայմանավորվող պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Զբաղվածության համար միգրացիայի մասին թիվ 97 վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 588

print page Տպել էջը