ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 8 հուլիսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 21-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 21-ին՝ Վիեննայում:

Համաձայնագրի նպատակը գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի (Ծրագիր) իրականացման համար Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխառության տրամադրումն է:

Ըստ համաձայնագրի՝ համաձայնագրի շրջանակներում գումար-ների դուրսգրումը պետք է իրականացվի 1983 թվականին հաստատված՝ «Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի ձեռքբերումների ուղեցույց»-ին համապատասխան, իսկ ապրանքների ձեռքբերումը՝ 1982 թվականի նոյեմբերի 2-ին հաստատված՝ «ՕՊԵԿ հիմնադրամի տրամադրած փոխառությունների ներքո ձեռքբերումների ուղեցույց»-ի պայմաններին կամ ուղեցույցում չնշված, սակայն Հիմնադրամի ղեկավարության համար ընդունելի այլ պայմաններին համապատասխան:

Փոխառությունը կառավարելու է Միավորված ազգերի կազմակերպության Ծրագրային ծառայությունների գրասենյակը (ՄԱԿ-ի ԾԾԳ)։

Համաձայնագիրն ունի երեք հավելված. «Հավելված 1. Ծրագրի նկարագիրը», «Հավելված 2. Փոխառության տեղաբաշխում», «Հավելված 3. Փոխառության մարման ժամանակացույց»։

2. Ըստ համաձայնագրի՝ Ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամը համաձայնագրի պայմաններին եւ դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ միլիոն (5.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառության ավարտի օրը 2009թ. հուլիսի 31-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կսահմանվի Հիմնադրամի ղեկավարության կողմից։

Փոխառությունը տրամադրվում է ֆինանսավորելու Ծրագրի չորս բաղադրիչներից մեկի՝ Տնտեսապես հիմնավորված ենթակառուցվածքների, ընդհանուր ծախսերի 40,27 տոկոսը, որի շրջանակներում հիմնական ենթակառուցվածքների թերությունների վերացման ճանապարհով բարելավվելու է մատակարար-արժեքային շղթայի գործունեության արդյունավետությունը։

3. Ծրագրի նպատակն է առավել աղքատ յոթ լեռնային մարզերի գյուղական բնակչության եկամուտների կայուն աճի խթանումը, ինչպես նաեւ Ծրագրի իրականացման տարածքում գյուղատնտեսությանն առնչվող տնտեսական գործունեության կայուն աճին նպաստելը։

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից, «ա. Գյուղական ձեռնարկատիրության ֆինանսավորում», որի նպատակը Ծրագրի տարածքում գյուղական միջին եւ փոքր արտադրողների ու ձեռնարկատերերի համար ֆինանսական ծառայությունները մատչելի դարձնելն է, «բ. Գյուղական բիզնես միջնորդ ծառայություններ», որի նպատակը Ծրագրի տարածքում այս բաղադրիչի ներքո նախատեսված ֆինանսական հաստատությունների վարկային գործունեության համար գործառնական միջավայրի բարելավումն է, «գ. Տնտեսապես հիմնավորված ենթակառուցվածքներ», որի նպատակը հիմնական ենթակառուցվածքների թերությունների վերացման ճանապարհով մատակարար-արժեքային շղթայի գործունեության արդյունավետության բարելավումն է, «դ. Ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ», որի նպատակը նախագծման, համակարգման, Ծրագրի արդյունքների եւ նպատակների շարունակական ուսումնասիրության եւ արդյունավետության համար պատասխանատու գործակալության ստեղծումն է։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- տարին երկու անգամ վճարել տարեկան տոկոսավճար՝ փոխառության դուրս գրված եւ օգտագործված գումարի 1.75% չափով,

- տարին երկու անգամ վճարել տարեկան ծառայողական վճար՝ փոխառության դուրս գրված եւ օգտագործված գումարի 1% չափով,

- 30 կիսամյակային վճարումներով, սկսած 2010 թվականի մայիսի 15-ից մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 15-ը, վերադարձնել մայր գումարը,

- Ծրագրի ավարտից անմիջապես հետո 6 ամսվա ընթացքում պատրաստել եւ Հիմնադրամին եւ փոխառության կառավարչին տրամադրել հաշվետվություն այնպիսի մանրամասնությամբ, ինչպես Հիմնադրամի ղեկավարությունը հիմնավորված կպահանջի,

- Հիմնադրամին անմիջականորեն տեղյակ պահել Ծրագրի իրականացմանն ու կառավարմանն առնչվող բոլոր այն պայմանների մասին, որոնց շուրջ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում ԳԶՄՀ հետ Ծրագրի մասնակի ֆինանսավորման մասին ստորագրած կամ ստորագրվելիք փոխառության համաձայնագրով,

- համաձայնագիրը եւ կողմերի միջեւ կնքված ցանկացած լրացուցիչ համաձայնագիր ազատել հարկերից, գանձումներից կամ տուրքերից՝ կապված համաձայնագրի իրականացման, գործառույթների եւ գրանցման հետ,

- փոխառության մայր գումարի, տոկոսավճարի, ծառայողական վճարի վճարումները կատարել առանց պահումների եւ ազատել ամեն կարգի վճարումից եւ սահմանափակումից,

- Հիմնադրամն ու նրա ունեցվածքը չդարձնել բռնագրավման, ազգայնացման, բռնագանձման, գրավման կամ խնամակալության առարկա։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի ապրիլի 21-ին Վիեննայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 հուլիսի 2005 թվականի
ՍԴՈ - 589

print page Տպել էջը