ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 օգոստոսի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1978 թվականի հուլիսի 5-ին Ժնեւում ստորագրված՝ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի կողմից ընդունվել է 1978 թ. հուլիսի 5-ին Ժնեւում՝ Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայում (այսուհետեւ՝ Կոնվենցիա) փոփոխություններ կատարելու նպատակով։

Արձանագրության մասնակից կարող են դառնալ Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամ հանդիսացող կամ այդ հանձնաժողովում խորհրդատվական ձայնի իրավունքով ներկայացված պետությունները։

2. Արձանագրությամբ փոփոխության են ենթարկվում Կոնվենցիայի առանձին դրույթներ։ Մասնավորապես, սահմանվում է բեռների լրիվ կամ մասնակի կորստի դեպքում բեռնափոխադրողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն չափը։ Արձանագրությունը սահմանում է հաշվարկային միավորի չափը եւ այն հաշվարկելու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1978 թվականի հուլիսի 5-ին Ժնեւում ստորագրված՝ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

26 օգոստոսի 2005 թվականի
ՍԴՈ-595

print page Տպել էջը