ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1979 թվականի նոյեմբերի 13-ի Ժնեւում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված "Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ 1979 թվականի նոյեմբերի 13-ին Ժնեւում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 1983 թվականին եւ վավերացվել է Եվրոպական միության 32 պետությունների կողմից։

Կոնվենցիան միացման համար բաց է 1979 թվականի նոյեմբերի 17-ից։ Այն կոչված է լուծելու օդի աղտոտման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ բովանդակում է սկզբունքներ, որոնց հիման վրա պայմանադիր կողմերը, միավորելով իրենց ջանքերը եւ հնարավորությունները, միջոցառումներ են իրականացնում օդի աղտոտումն աստիճանաբար կրճատելու եւ վերացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով կողմերը կոնվենցիայի 6, 7 եւ 8 հոդվածների համաձայն պայմանավորվել են իրականացնել համապատասխան հետազոտություններ, տեղեկատվության փոխանակում, վերահսկում։

Մթնոլորտային օդի աղտոտման հետեւանքով պատճառված վնասի հատուցման որեւէ պարտականություն կոնվենցիան չի նախատեսում։

Որոշարկված են նաեւ կոնվենցիային միանալու եւ դրանից դուրս գալու պայմանները եւ կարգը։

Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիային կից ստորագրվել են նաեւ թվով 4 արձանագրություններ, որոնցից յուրաքանչյուրին միանալու համար սահմանված է առանձին ընթացակարգ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1979 թվականի նոյեմբերի 13-ին Ժնեւում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-6

print page Տպել էջը