ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 սեպտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2002 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված՝ Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ստորագրվել է 2002թ. սեպտեմբերի 12-ին Վարշավայում՝ 1989թ. նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Դոպինգի դեմ» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) դրույթները կատարելագործելու եւ Կոնվենցիայի կիրառումն ուժեղացնելու համար դրանում լրացումներ կատարելու նպատակով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2000թ. մայիսի 26-ին՝ Ստրասբուրգում եւ վավերացվել 2004թ. փետրվարի 18-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2004թ. ապրիլի 1-ին:

2. Արձանագրությամբ մասնակից պետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքներում մարզիկների եւ մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու՝ մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասությունը՝ ընդունող երկրի ազգային կանոնակարգերի համաձայն: Նման ստուգումների արդյունքները ուղարկվում են տվյալ մարզիկի կամ մարզուհու ազգային մարզական ֆեդերացիային, ընդունող երկրի ազգային հակադոպինգային կազմակերպությանը եւ միջազգային մարզական ֆեդերացիային:

Մասնակից պետությունները նմանապես ճանաչում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության եւ դրա ղեկավարության ներքո գործող դոպինգային ստուգումներ իրականացնող այլ կազմակերպությունների՝ իրենց մարզիկների եւ մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու իրավասությունը:

3. Արձանագրությամբ նախատեսվում է, որ Կոնվենցիայի 10 հոդվածի համաձայն ստեղծված Մոնիտորինգային խումբը վերահսկում է Կոնվենցիայի կիրառումը յուրաքանչյուր մասնակից պետության կողմից: Այդ վերահսկումն իրականացնում է Մոնիտորինգային խմբի կողմից նշանակված Գնահատող խումբը, որը քննում է մասնակից պետությունների ներկայացրած հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում իրականացնում է այցելություններ եւ Մոնիտորինգային խմբին ներկայացնում գնահատման հաշվետվություն, որը պետք է հրապարակվի:

4. Արձանագրության դրույթների վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

5. Արձանագրությունում նախատեսված են դրույթներ՝ դրա ստորագրման, ուժի մեջ մտնելու, չեղյալ հայտարարելու, տարածքային կիրառման եւ ծանուցումների վերաբերյալ:

6. Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով՝ անգլերեն եւ ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2002 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված՝ Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 601

print page Տպել էջը