ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1975 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 սեպտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1975 թվականի նոյեմբերի 15-ին Ժնեւում ստորագրված՝ Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1975թ. նոյեմբերի 15-ին՝ Ժնեւում։

Համաձայնագիրը բացվել է ստորագրման մինչեւ 1976թ. դեկտեմբերի 31-ը՝ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների եւ հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների համար։

Համաձայնագրի նպատակը միջազգային նշանակություն ունեցող ճանապարհների շինարարության եւ վերանորոգման համաձայնեցված ծրագրի ընդունումն է։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1983թ. մարտի 15-ին։

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրը չի ստորա- գրել։

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները։ Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արեւմուտք-արեւելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ՝ A կարգի միջանկյալ եւ B կարգի ճյուղավոր, շղթայական եւ կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները եւ թվերի նշանակությունը։ Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման եւ նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման եւ ճանապարհների գծանշման կարգերը։ Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման եւ նշման համար օգտագործվող նշանների ձեւը։

3. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- ազգային ծրագրերի շրջանակներում ընդունել համաձայնագրի առաջին հավելվածում նկարագրված՝ E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը՝ որպես միջազգային նշանակություն ունեցող ճանապարհների շինարարության եւ վերանորոգման համաձայնեցված ծրագիր,

- E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցի ճանապարհները համապատասխանեցնել համաձայնագրի երկրորդ հավելվածի դրույթների պահանջներին,

- E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցի ճանապարհները գծանշել համաձայնագրի երրորդ հավելվածում նկարագրված նշանով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված՝ 1975թ. նոյեմբերի 15-ին Ժնեւում ստորագրված՝ Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 602

print page Տպել էջը