1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 23 սեպտեմբերի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված՝ Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 1970թ. հուլիսի 1-ին՝ Ժնեւում։
Համաձայնագիրը բացվել է ստորագրման՝ մինչեւ 1971թ. մարտի 31-ը, իսկ դրանից հետո միանալու՝ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների եւ հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների համար։
Համաձայնագրի նպատակն ուղեւորների եւ բեռների միջազգային ավտոճանապարհային փոխադրումները զարգացնելն ու կատարելագործելն է, ավտոճանապարհային երթեւեկության անվտանգությունն ուժեղացնելը, միջազգային ավտոճանապարհային փոխադրումների ոլորտում աշխատանքի որոշակի պայմանները կարգավորող կանոններն Աշխատանքի միջազգային կազմակերպության սկզբունքներին համապատասխանեցնելը եւ այդ կանոնների պահպանումն ապահովելու համար համատեղ որոշակի միջոցներ ձեռնարկելը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1976թ. հունվարի 5-ին։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրը չի ստորա- գրել։
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հավելվածը, որը բաղկացած է երկու առդիրներից։ Հավելվածով եւ դրա երկու առդիրներով սահմանվում են տրանսպորտային միջոցում տեղադրվող հսկիչ սարքի տիպային նմուշի հաստատման, տեղադրման եւ ստուգման ընթացակարգերը, հսկիչ սարքի պատրաստմանը, փորձարկմանը, տեղադրմանը եւ ստուգմանը, ինչպես նաեւ գրանցման թերթիկներին, հաստատման նշանին եւ հաստատման հավաստագրին ներկայացվող պահանջները, հաստատման հավաստագրի ձեւը։
2. Համաձայնագիրն ստորագրվել է 1970թ. հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված՝ ստորագրման արձանագրության միջոցով, որով հավաստվում է համաձայնագրի ստորագրումը նույն օրը եւ նույն վայրում։
Համաձայնագրի 24 հոդվածի ուժով ստորագրման արձանագրությունը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը եւ ունի այն նույն ուժը, վավերականությունը եւ տեւողությունը, որն ունի համաձայնագիրը։
Ստորագրման արձանագրությունը, միաժամանակ, հանդես է գալիս որպես համաձայնագիրն ստորագրած երկրների կողմից համաձայնագրի 4-րդ, 12-րդ եւ 14-րդ հոդվածների, ինչպես նաեւ՝ Շվեյցարիայի կողմից համաձայնագրի հավելվածի վերաբերյալ արված հայտարարություններն ամփոփող միջազգային փաստաթուղթ։ Հայտարարությունները հիմնականում իրենցից ներկայացնում են համաձայնագրի կիրառման կապակցությամբ առանձին իրավունքների իրացման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած երկրների իրավաբանորեն ամրագրված մտադրություններ։
3. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.
- իրենց տարածքներում Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցով իրականացվող ավտոճանապարհային փոխադրումների նկատմամբ կիրառել համաձայնագրի 5, 6, 7, 8, 9 եւ 10-րդ հոդվածներով նախատեսված դրույթներից ոչ պակաս խիստ դրույթներ,
- երաշխավորել համաձայնագրի 5, 6, 7, 8 եւ 9-րդ հոդվածներով սահմանված՝ միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող վարորդների նվազագույն տարիքի եւ համապատասխան ուսումնական մակարդակի ապահովվածությունը, վարորդների եւ անձնակազմի անդամների աշխատանքի, ընդմիջումների, հանգստի ժամանակահատվածները, անձանց, տրանսպորտային միջոցի եւ բեռի անվտանգությունը երաշխավորելու համար համաձայնագրի դրույթներից անհրաժեշտ չափով շեղվելու՝ վարորդների իրավունքը,
- հանձնարարել իրենց տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներում տեղադրել եւ օգտագործել հսկիչ սարք։ Դրա նորմալ եւ պատշաճ օգտագործման հնարավորության բացակայության դեպքում ապահովել անձնակազմի անդամներին գրանցման թերթիկներով։
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են, մասնավորապես, «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (29, 30 հոդվածներ) կոչված են ապահովելու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված՝ 1970թ. հուլիսի 1-ին Ժնեւում ստորագրված՝ Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 603