ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1983 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 սեպտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում ստորագրված՝ Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին միջազգային կոնվենցիայում եւ դրա փոփոխության արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ դրա փոփոխության արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1983թ. հունիսի 14-ին, իսկ դրա փոփոխության արձանագրությունը՝ 1986թ. հունիսի 24-ին՝ Բրյուսելում, նպատակ ունենալով ապրանքների նկարագրման, դասակարգման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգի ստեղծման միջոցով դյուրացնել միջազգային առեւտրին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքումը, համադրումը եւ վերլուծությունը, փաստաթղթերի ստանդարտավորումը եւ տվյալների փոխանցումը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1988թ. հունվարի 1-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան եւ դրա փոփոխության արձանագրությունը չի ստորագրել:

2. Կոնվենցիան ունի հավելված, որը դրա անբաժանելի մասն է, եւ կոնվենցիային ցանկացած հղում ներառում է նաեւ հղումը սույն հավելվածին:

Հավելվածով ներկայացվում է Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգը, որը ներառում է ապրանքային դիրքերը եւ ենթադիրքերը, դրանց վերաբերող թվային ծածկագրերը, բաժինների, խմբերի եւ ենթախմբերի վերաբերյալ ծանոթությունները, սահմանվում է Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգի մեկնաբանության հիմնական կանոնները:

3. Կոնվենցիան կարգավորում է Պայմանավորվող կողմերի պարտականություններն ու իրավունքները, Պայմանավորվող կողմ դառնալու ընթացակարգը, զարգացող երկրների կողմից Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառումը եւ տեխնիկական աջակցությունը զարգացող երկրներին, Ներդաշնակ համակարգի կոմիտեի կազմավորումը եւ քվեարկության կազմակերպումը Կոմիտեում, Կոմիտեի գործառույթները եւ Խորհրդի (ՀՄԿ) դերը:

4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը չեն ստանձնում մաքսատուրքի դրույքաչափերին վերաբերող որեւէ պարտավորություն:

5. Կոնվենցիայով նախատեսվում են դրույթներ դրա ուժի մեջ մտնելու, դրանում ուղղումներ կատարելու ընթացակարգի եւ դրա չեղյալ հայտարարման, տարածքային կիրառման, վեճերի կարգավորման, ծանուցումների եւ ՄԱԿ-ում գրանցման վերաբերյալ:

6. Կոնվենցիայի վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

7. Կոնվենցիայի արձանագրության նպատակը կոնվենցիայի 13 հոդվածի 1-ին կետում փոփոխություն կատարելն է, որը վերաբերում է դրա ուժի մեջ մտնելու կարգին:

8. Կոնվենցիան կնքված է մեկ բնօրինակով՝ անգլերեն եւ ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում ստորագրված՝ Ապրանքների նկարագրման եւ ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին միջազգային կոնվենցիայում եւ դրա փոփոխության արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 604

print page Տպել էջը