ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր եւ հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հունիսի 13-ին՝ Պեկինում։

Համաձայնագրի նպատակը Կողմերի դեսպանությունների տեղակայման համար շենքերի եւ հողամասերի փոխադարձաբար տրամադրումն է։

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները, որոնցով ներկայացվում են համաձայնագրում նշված՝ Կողմերի դեսպանությունների տեղակայման համար անհրաժեշտ շենքերի եւ հողատարածքների հատակագծերը։

2. Համաձայնագրով Չինական կողմը փոխադարձության հիման վրա Հայկական կողմին անհատույց օգտագործման է տրամադրում Պեկինի Չաոյանցույ Թայուաննանսյաոձեի 9 հասցեում տեղակայված երկու շենքերը՝ իրենց հարակից հողատարածքներով եւ կառույցներով, ներառյալ՝ ավտոտնակը։ Հողատարածքի մակերեսը 3174,99 քառ. մետր է, երկու շինությունների տարածքը՝ 2734,65 քառ. մետր։ Ընդ որում, նշված երկու շենքերից մեկը՝ 592,58 քառ. մետր տարածքով, Հայկական կողմին կփոխանցվի 2006 թվականի փետրվարի 28-ին։ Մինչ այդ ժամկետը, Հայկական կողմին անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Պեկինի դիվանագիտական Թայուան թաղամասի 9-րդ շենքի 1-ին մուտքի 31-րդ բնակարանը, ներառյալ՝ նույն հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը։

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանն անհատույց օգտագործման հանձնել Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան 12 հասցեում տեղակայված շինությունը՝ հարակից կառույցներով (հողատարածքի մակերեսը 2500 քառ. մետր, շինությանը՝ 758.2 քառ. մետր), ինչպես նաեւ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում 2.5 հա մակերեսով հողատարածքը՝ դեսպանատուն կառուցելու համար,

- թույլատրել համաձայնագրի հոդված 2-ում նշված հողատարածքներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից շինարարության, ընդլայնման եւ վերանորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ու տեխնիկայի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումն առանց մաքսային զննման, պայմաններ ստեղծել վերոնշյալ աշխատանքներն իրականացնող անձնակազմի համար մուտքի արտոնագրեր ձեւակերպելու ժամանակ,

- համաձայնագրի հոդված 1-ում նշված հողատարածքներն ու շինություններն օգտագործել բացառապես դիվանագիտական եւ հյուպատոսական ծառայողական նպատակների, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի տեղավորման համար, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակների համար,

- առանց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության թույլտվության որեւէ տեսքով չվաճառել, վարձակալության չտալ կամ չփոխանցել համաձայնագրի հոդված 1-ում նշված հողատարածքները եւ շինությունները,

- քաղաքաշինական կամ այլ հանգամանքներից ելնելով՝ Չինական կողմից համաձայնագրի հոդված 2-ում նշված հողատարածքը հետ վերցնելու ցանկության դեպքում տեղեկացնել այդ մասին Չինական կողմին ոչ ուշ, քան հետ վերցնելուց մեկ տարի առաջ՝ փոխարենը վերջինիս տրամադրելով նման պայմաններով եւ նույն չափին համարժեք այլ տարածք եւ փոխհատուցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը վերադարձվող հողատարածքի վրա գտնվող՝ վերջինիս կողմից կառուցված շինությունների արժեքը, որը, ելնելով իրական վիճակից՝ համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից։

4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները բխում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (1 հոդված) կոչված են ապահովելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր եւ հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 606

print page Տպել էջը