ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄ- ՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ 2005 թվականի հունիսի 30-ին Դուշանբեում ստորագրված՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հունիսի 30-ին՝ Դուշանբեում, որի նպատակը երկու պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառումն է եւ այդ անձանց կողմից հարկերի վճարումից խուսափելը կանխելը։

2. Համաձայնագիրը կիրառվում է այն եկամուտների եւ գույքային հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են պայմանավորվող պետություններից մեկի կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների, կամ իշխանության տեղական մարմինների անունից՝ անկախ դրանց գանձման եղանակից։

Ըստ համաձայնագրի՝ եկամտից եւ գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր գումարից կամ դրանց առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացող եկամտից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից, ինչպես նաեւ գույքի արժեքի հավելաճից գանձվող հարկերը։

3. Համաձայնագիրը սահմանում է կիրառման ենթակա կոնկրետ հարկատեսակները։ Մասնավորապես, համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շահութահարկի, եկամտահարկի եւ գույքահարկի, իսկ Տաջիկստանի Հանրապետության պարագայում՝ իրավաբանական անձանց եկամուտներից հարկի, ֆիզիկական անձանցից եկամտահարկի եւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց գույքահարկի նկատմամբ, ինչպես նաեւ ցանկացած նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կարող են գանձվել համաձայնագրի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն։

4. Համաձայնագրով սահմանվում են պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց՝ հարկման ենթակա եկամուտների տեսակները՝ անշարժ գույքից ստացած եկամուտներ, ձեռնարկության շահույթ, ձեռնարկության՝ միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների շահագործումից ստացած շահույթ, զուգորդված (ասոցացված) ձեռնարկությունների շահույթ, մի պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժիններ, մի պայմանավորվող պետությունում առաջացող եւ մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսներ, մի պայմանավորվող պետությունում առաջացող եւ մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթի, անշարժ եւ շարժական գույքի օտարումից ստացած եկամուտներ, անկախ եւ կախյալ անձնական ծառայությունների մատուցումից ստացած եկամուտներ, տնօրենների վարձատրություններ եւ այլ համանման վճարումներ, մի պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս պայմանավորվող պետությունում որպես թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտներ, ռեզիդենտին անցյալում կատարած վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակներ եւ համանման այլ վարձատրություններ, պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ պետությանը կամ նրա վարչատարածքային ստորաբաժանմանը, կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած ֆիզիկական անձին վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրություն, ուսանողների, ասպիրանտների կամ ստաժյորների՝ ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներ, այլ եկամուտներ, անշարժ եւ շարժական գույք, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ, որոնք դրսեւորվում են նրանում, որ մի պայմանավորվող պետությունը պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավասությունը համաձայնագրով վերապահված է մյուս պայմանավորվող պետությանը եւ ընդհակառակը։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- ծանուցել մյուս պայմանավորվող պետությանը ՀՀ համապատասխան հարկային օրենսդրության մեջ կատարված ցանկացած էական փոփոխության մասին,

- ազատել մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող կամ մինչեւ Հայաստանի Հանրապետություն ժամանելը մյուս պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած եւ Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով գտնվող ուսանողին, ասպիրանտին կամ ստաժյորին Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից, պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջացել են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

- կրկնակի հարկումը բացառելու նպատակով ՀՀ ռեզիդենտի կողմից մյուս պայմանավորվող պետությունում հարկվող եկամուտ ստանալիս կամ մյուս պայմանավորվող պետությունում հարկվող գույք տնօրինելիս թույլատրել այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում մյուս պայմանավորվող պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով կամ գույքի հարկի նվազեցում մյուս պայմանավորվող պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով,

- մյուս պայմանավորվող պետության ազգային անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միեւնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ ազգային անձինք։ Պայմանավորվող պետություններից որեւէ մեկի ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միեւնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ ազգային անձինք։ Ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մյուս պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը չլինի նվազ բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող ՀՀ ձեռնարկության հարկումն է։ ՀՀ ձեռնարկություններին, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է մյուս պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների, կամ վերահսկվում է նրանց կողմից, չենթարկել Հայաստանի Հանրապետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որեւէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ՀՀ այլ համանման ձեռնարկությունները,

- ապահովել, որպեսզի պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ պայմանավորվող պետությունների ազգային օրենքների դրույթների կիրառման համար՝ պայմանով, որ այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասի համաձայնագրին, մասնավորապես, հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար,

- ճանաչել դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների՝ միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ 2005 թվականի հունիսի 30-ին Դուշանբեում ստորագրված՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 607

print page Տպել էջը