1980 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված՝ Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարություններով) եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1980 թվականի ապրիլի 11-ին՝ Վիեննայում։
Կոնվենցիայի նպատակն ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերը կարգավորող եւ տարբեր հասարակական, տնտեսական եւ իրավական համակարգերը հաշվի առնող միասնական նորմերի ընդունումն է։
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1988թ. հունվարի 1-ին։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան չի ստորագրել։
Կոնվենցիայի 91 հոդվածի 3-րդ կետի ուժով կոնվենցիան բաց է այն չստորագրած բոլոր պետությունների կողմից միանալու համար՝ դրա ստորագրման համար բացման ամսաթվից։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է կոնվենցիայի 94, 95, 96 հոդվածների հիման վրա արված հայտարարություններով, որոնք վերաբերում են, մասնավորապես, կոնվենցիայի, դրա 1-ին հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, 11-րդ, 29-րդ հոդվածների եւ երկրորդ մասի դրույթների՝ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառման սահմանափակումների դեպքերին։
2. Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ կոնվենցիան կիրառվում է այն կողմերի միջեւ ապրանքների առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ, որոնց առեւտրային կազմակերպությունները գտնվում են տարբեր պետություններում, մասնավորապես, երբ այդ պետությունները Պայմանավորվող պետություններն են, կամ երբ միջազգային մասնավոր իրավունքի նորմերի համաձայն կիրառելի է Պայմանավորվող պետության իրավունքը։
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիան կարգավորում է միայն առուվաճառքի պայմանագրի կնքումը եւ այդպիսի պայմանագրից բխող՝ վաճառողի ու գնորդի իրավունքներն ու պարտականությունները։ Մասնավորապես, այնքանով, որքանով կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, այն չի վերաբերում պայմանագրի կամ դրա որեւէ դրույթի, կամ ցանկացած սովորույթի վավերականությանը, ինչպես նաեւ այն հետեւանքներին, որը կարող է պայմանագիրն առաջացնել վաճառված ապրանքի սեփականության իրավունքի նկատմամբ։
3. Կոնվենցիան սահմանում է վաճառողի եւ գնորդի միջեւ առուվաճառքի պայմանագրի կնքման կարգն ու պայմանները, առուվաճառքի պայմանագրում ներառվող էական պայմանները, պայմանագրի կողմերի իրավունքները եւ պարտականությունները, վաճառողի կողմից պայմանագրի խախտման դեպքում գնորդի իրավական պաշտպանության միջոցները, գնորդի կողմից պայմանագրի խախտման դեպքում վաճառողի իրավական պաշտպանության միջոցները, առուվաճառքի պայմանագրի կողմերի՝ պատասխանատվությունից ազատման իրավական հիմքերը, կարգավորում է ռիսկի գնահատման, վնասների փոխհատուցման եւ տոկոսների իրավունքի հետ կապված հարաբերությունները։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված՝ Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 608