ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված՝ Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ստորագրվել է 2001թ. նոյեմբերի 23-ին՝ Բուդապեշտում։

Կոնվենցիայի նպատակը կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացումն է։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին։

Կոնվենցիայի 36 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կոնվենցիան բացվել է ստորագրման Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների եւ ոչ անդամ այն պետությունների համար, որոնք մասնակցել են դրա մշակմանը։

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2001թ. նոյեմբերի 23-ին՝ Բուդապեշտում։

2. Կոնվենցիան սահմանում է կիբեռհանցագործությունները եւ դրանց տարատեսակները (անօրինական կերպով համակարգչային համակարգ մուտք գործելը, անօրինական կերպով հաղորդակցություն գաղտնի որսալը, համակարգչային տվյալներն աղավաղելը, համակարգչային համակարգն աղավաղելը, համակարգչին առնչվող խարդախություններ, համակարգչին առնչվող կեղծումներ, մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործություններ, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործություններ), ընթացակարգային կանոններ, որոնք նպատակաուղղված են կիբեռհանցագործությունների դեմ ձեռնարկվող միջոցառումների իրականացման ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորմանը, կարգավորում է մեղավոր անձանց հանձնման, նրանց նկատմամբ քրեական վարույթի իրականացման, նրանց դատապարտման վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, մասնակից պետությունների միջեւ ֆինանսատեխնիկական օժանդակության ցուցաբերման, համապատասխան կադրերի միջեւ փորձի փոխանակման, գաղտնիության վերաբերյալ տեղեկությունների պահպանման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։

3. Կոնվենցիայով կողմերը, մասնավորապես, պարտավորվում են.

- ազգային օրենսդրությամբ քրեականացնել կոնվենցիայով սահմանված արարքները, այն է՝ անօրինական կերպով համակարգչային համակարգ մուտք գործելը, անօրինական կերպով հաղորդակցություն գաղտնի որսալը, համակարգչային տվյալներն աղավաղելը, համակարգչային համակարգն աղավաղելը, համակարգչին առնչվող խարդախությունները, համակարգչին առնչվող կեղծումները, մանկական պոռնոգրաֆիային վերաբերող հանցագործությունները, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հանցագործությունները, ինչպես նաեւ այդպիսի արարքների կատարման փորձը, օժանդակումը եւ դրդումը,

- կոնվենցիայի 2-11 հոդվածներում նշված հանցագործությունների դեմ պայքարելու ընթացքում երաշխավորել մարդու իրավունքների եւ ազատությունների համապատասխան պաշտպանությունը, ներառյալ այն իրավունքները, որոնք բխում են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով եւ մարդու իրավունքների մյուս կիրառելի միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից,

- կոնվենցիայի 2-11 հոդվածներում նշված հանցագործությունները փոխադարձության հիման վրա ներառել միմյանց միջեւ կնքվելիք՝ հանձնման մասին պայմանագրերում՝ որպես հանձնում նախատեսող հանցագործություններ։

4. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին կոնվենցիայով ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից, եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 20, 23, 24, 28 հոդվածներ) կոչված են ապահովելու կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001թ. նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված՝ Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 609

print page Տպել էջը