ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունիսի 10-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հունիսի 10-ին՝ Երեւանում:

Համաձայնագրի նպատակը մի Պայմանավորվող կողմի ներդրողների՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար արդար եւ հավասար ռեժիմի տրամադրումն է։

2. Համաձայնագրով նախատեսվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար առավել բարենպաստ ռեժիմի տրամադրում։ Ընդ որում, առավել բարենպաստ ռեժիմը չի ներառում երրորդ պետության ներդրողներին տրված հատուկ առավելությունները, որոնք բխում են մաքսային միություններ, տնտեսական միություններ, արժութային միություններ կամ նմանատիպ կազմակերպություններ հիմնող համաձայնագրերից, կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրերից, ինչպես նաեւ այն հատուկ առավելությունները, որոնք տրված են երրորդ պետությանը՝ փոխադարձության հիման վրա։

3. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը փոխադարձության հիման վրա ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- երաշխավորել Պայմանավորվող մյուս կողմի ներդրողի ներդրումների նկատմամբ արդար եւ հավասար ռեժիմ, ամբողջական նյութական ապահովվածություն եւ պաշտպանվածություն, անհիմն կամ խտրական միջոցներով չվնասել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից ներդրումների գործածության մեջ դրվելուն, կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը,

- մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իրենց ներդրողների կամ երրորդ պետության ներդրողների ներդրումներին տրամադրված ռեժիմն է՝ նայած թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար,

- կապված հարկերի, վճարների, ծախսերի եւ ֆինանսական հանումների եւ ազատումների հետ՝ իրենց տարածքներում ցանկացած տնտեսական գործունեության մեջ ներգրավված՝ մյուս Պայմանավորվող կողմի՝ նույն պայմաններում գտնվող ներդրողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իրենց ներդրողներին կամ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմն է՝ նայած թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար,

- երաշխավորել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումները՝ առանց սահմանափակման եւ ուշացման,

- ըստ համաձայնագրի՝ ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է ձեռնարկի որեւէ միջոցառում, որը կզրկի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին իրենց ներդրումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվում են ելնելով հանրային շահերից եւ օրենսդրությանը համապատասխան, առանց խտրականության եւ ուղեկցվում են արագ, համարժեք եւ արդյունավետ փոխհատուցմամբ. այն դեպքում, երբ այդ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում, վճարվում է նախնական հատուցում,

- պատերազմի, այլ զինված ընդհարման, հեղափոխության, արտակարգ իրավիճակների, խռովության կամ ապստամբության հետեւանքով մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կորուստներ կրելու դեպքում այդ ներդրողներին՝ կապված կորուստների վերականգնման, վնասների հատուցման կամ հարցն այլ կերպ կարգավորելու հետ, տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իրենց ներդրողներին կամ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմն է՝ նայած թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար,

- իրենց համար պարտադիր ճանաչել եւ իրենց օրենսդրություններին համապատասխան կատարել իրենց եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջեւ առաջացած վեճի լուծման վերաբերյալ միջազգային միջնորդ դատարանի որոշումը,

- իրենց համար պարտադիր ճանաչել միմյանց միջեւ համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ առաջացած վեճի լուծման վերաբերյալ միջնորդ դատարանի որոշումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005թ. հունիսի 10-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Նիդեռլանդների Թագավորության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 611

print page Տպել էջը