2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 4 հոկտեմբերի 2005թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երեւանում:
Համաձայնագրի նպատակը մի Պայմանավորվող կողմի ներդրողների՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը փոխադարձության հիման վրա ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.
- իրենց տարածքներում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների նկատմամբ չիրականացնել հարկադիր առգրավման միջոցառումներ՝ ըստ հետեւանքների հավասարազոր սեփականազրկման կամ ազգայնացման, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցառումներն իրականացվում են կարգի պահպանման դեպքում, հասարակության շահերից ելնելով, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում են առանց խտրականության եւ ուղեկցվում են արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցման վճարմամբ,
- իրենց տարածքներում պատերազմի, քաղաքացիական անկար- գությունների կամ նմանատիպ այլ դեպքերի հետեւանքով մյուս Պայ- մանավորվող կողմի ներդրողների ներդրումներին վնաս հասցվելու դեպքում այդ ներդրողներին՝ կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ տիպի կարգավորման հետ, տրամադրել առավել բարենպաստ ռեժիմ, որոնք տրամադրվում են իրենց սեփական ներդրողներին կամ երրորդ պետության ներդրողներին այն միջոցառումների առնչությամբ, որոնք ձեռնարկվում են այդպիսի վնաս կրելու դեպքում,
- երաշխավորել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումն արտասահման՝ առանց ուշացումների,
- իրենց համար պարտադիր ճանաչել եւ իրենց օրենսդրություններին համապատասխան կատարել իրենց եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջեւ առաջացած վեճի լուծման վերաբերյալ միջնորդ դատարանի որոշումը,
- իրենց համար պարտադիր ճանաչել միմյանց միջեւ համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման կապակցությամբ առաջացած վեճի լուծման վերաբերյալ միջնորդ դատարանի որոշումը, կրել իրենց կողմից նշանակված՝ դատարանի անդամի գործունեության եւ միջնորդ դատարանում իրենց ներկայացուցչության հետ կապված ծախսերը, մասնակցել միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված, ինչպես նաեւ այլ ծախսերին։
3. Համաձայնագրի 3 հոդվածի 1-ին մասը, սահմանելով, հասարակության շահերից ելնելով, ներդրումների օտարման կարգը, հղում է կատարում «Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգին»։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայնագրի 3 հոդվածի 1-ին կետում ամրագրված՝ «Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով» բառակապակցությունը Հայաստանի Հանրապետության դեպքում ներառում է նաեւ ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգը, եւ հասարակության, եւ պետության կարիքների համար Ռուսաստանի Դաշնության՝ որպես ֆիզիկական անձ հանդես եկող ներդրողի՝ Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ՝ հաշվի առնելով նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 1998թ. փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 612