ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 9 նոյեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ փոխըմբռնման երկրորդ հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա հուշագիրն ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 26-ին: Հուշագրով «Լինսի» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 60 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ մի շարք ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են դպրոցների եւ ճանապարհների նորոգմանը, գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, այդ թվում.

ա) Ճանապարհների վերանորոգման ծրագիր, որի համար նախատեսվում է տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը՝ 17.100.000 ԱՄՆ դոլար),

բ) Երեւանի փողոցների վերանորոգման ծրագիր, որի համար նախատեսվում է տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը՝ 17.125.000 ԱՄՆ դոլար),

գ) Կրթական հաստատությունների վերականգնման ծրագիր, որում ընդգրկված են 17 հանրակրթական դպրոցների շենքերի կառուցում, վերակառուցում եւ վերանորոգում: Տրամադրվող գումարի չափը կազմում է 20.000.000 ԱՄՆ դոլարը չգերազանցող գումար (նախնական գումարի չափը՝ 17.100.000 ԱՄՆ դոլար):

2. Հուշագրով սահմանվում են դրամաշնորհի տրամադրման պայմանները եւ ժամկետները (մինչեւ 2008թ. սեպտեմբերի 30-ը), դրանց համար անհրաժեշտ նախապայմանները: Հուշագրի դրույթները եւ դրանով սահմանված պայմաններն առավել մանրամասնելու եւ ճշգրտելու նպատակով Պայմանավորվող կողմերի միջեւ հետագայում կկնքվեն Իրագործման կոնկրետ համաձայնագրեր, որոնք կկազմեն հուշագրի անբաժանելի մասը:

3. Սույն հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

- ապահովել ծրագրերի կատարման կազմակերպումը հուշագրով նախատեսված կարգով եւ սահմանված պայմաններին համապատասխան,

- չնախատեսել եւ չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ծրագրերի կատարման ընթացքում փոփոխել հուշագրով նախատեսված իրավական հիմքերը,

- բացառել «Լինսի» հիմնադրամի ունեցվածքի բռնագրավումը կամ այլ կերպ դրան վնաս հասցնելը, կամ դրա նկատմամբ նրա իրավազորության սահմանափակումը,

- հատկացված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, քան նախատեսված է հուշագրով, եւ այդ միջոցներով չֆինանսավորել այնպիսի գործունեության տեսակներ, որոնք հուշագրի պայմաններով արգելվում են,

- ծրագրերի կատարման համար երաշխավորել հուշագրով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրումը,

- ժամանակին ներկայացնել պահանջվող հաշվետվությունները, ապահովել գաղտնի տեղեկատվության պահպանումը,

- «Լինսի» հիմնադրամի, նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) կամ հուշագրով նախատեսված ծրագրի ղեկավարի եւ այլ սուբյեկտների փոխարեն իրավական պատասխանատվություն կրել հուշագրով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման կամ իրագործման ժամանակ երրորդ անձանց կամ նրանց ունեցվածքին հասցված վնասի համար:

4. Հուշագրով նախատեսվում են Կողմերի միջեւ վեճերի լուծման՝ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր եւ սահմանվում է դրանց լուծման կարգը:

Հուշագրում նշված է նաեւ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի պահանջն առ այն, որ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են եւ օրենքների նորմերի հետ հակասության դեպքում դրանց նորմերը կիրառվում են միայն այդ պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո:

5. Հուշագրում նախատեսված են դրույթներ՝ դրա ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի եւ գործողության դադարեցման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ փոխըմբռնման երկրորդ հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

9 նոյեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 615

print page Տպել էջը