ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 29 նոյեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 45 եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված՝ Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում եւ 1997 թվականի մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված՝ Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումներն են սահմանադրական դատարան։

Գործում առկա Համաձայնագիրն ու դրանում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի որոշմամբ միավորվել են որպես նույն հարցին վերաբերող գործեր։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Համաձայնագիրն ու Արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն Համաձայնագիրն ստորագրվել է 1993թ. հունվարի 22-ին՝ Մինսկում, իսկ Արձանագրությունը՝ 1997 թ. մարտի 27-ին՝ Մոսկվայում։

Համաձայնագրի եւ Արձանագրության նպատակն է երաշխավորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջեւ պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքումը։

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերի սուրհանդակային ծառայության ստորաբաժանումներից ստեղծվում է Միջկառավարական սուրհանդակային կապ (այսուհետ՝ ՄՍԿ), որին վերապահվում է պայմանավորվող պետությունների ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների, իշխանության եւ կառավարման մարմինների միջեւ պաշտոնական թղթակցության առաքման պարտականությունը։ ՄՍԿ-ի օպերատիվ ղեկավարումն իրականացնելու համար ստեղծվում է Համաձայնագրի մասնակից պետությունների սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների համակարգող խորհուրդ։

3. Համաձայնագիրը սահմանում է ՄՍԿ-ի միջոցով առաքվող պաշտոնական թղթակցության անձեռնմխելիության, ինչպես նաեւ ՄՍԿ-ի աշխատակիցների իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցերը։

4. Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգը սահմանվում է Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Կանոնակարգով։

5. Արձանագրությամբ փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված ՄՍԿ-ի աշխատակցի կարգավիճակը, ըստ որի աշխատակիցը զենք կրելու, պահելու, դրանից օգտվելու իրավունքից օգտվում է գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան։

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- Համաձայնագրի այլ Կողմերի հետ համատեղ ապահովել ՄՍԿ-ի գործունեությունը,

- հանձնարարել իր սուրհանդակային ծառայությունների ստորաբաժանումներին ապահովել միջկառավարական թղթակցության փոխադրման փոխհամաձայնեցված տեխնոլոգիայի միասնությունը,

- օրենսդրությամբ սահմանել միջկառավարական թղթակցության փոխադրման միասնական տեխնոլոգիայի պահպանմանն առնչվող հարցերը,

- պաշտոնական թղթակցությունն ուղեկցող փաստաթղթերը ձեւակերպել ռուսերեն,

- թույլ չտալ ՄՍԿ-ի գործունեության բոլոր ուղղությունների հետ կապված տեղեկատվության արտահոսք,

- ապահովել ՄՍԿ-ի աշխատակիցների՝ պետական սահմանների անարգել անցումը՝ պաշտոնական թղթակցության հետ մեկտեղ,

- պաշտոնական թղթակցության օպերատիվ առաքման հարցում համապատասխան պետական կառույցների միջոցով աջակցել ՄՍԿ-ի աշխատանքների կազմակերպմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1993թ. հունվարի 22-ին Մինսկում ստորագրված՝ Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. 1997թ. մարտի 27-ին Մոսկվայում ստորագրված՝ Միջկառավարական սուրհանդակային կապի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 նոյեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 616

print page Տպել էջը