ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 5 սեպտեմբերի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ ահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1997 թվականի սեպտեմբերի 2-ի Զարգացման վարկի համաձայնագրով (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է մինչեւ 1999 թվականի հունիսի 30-ը կամ իր կողմից սահմանվելիք ավելի ուշ ժամկետում Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրել երեք միլիոն վեց հարյուր հազար վարկառության հատուկ իրավունքներին (SDR 3.600.000) համարժեք գումար, որն այժմ կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ-ի դոլար։

Վարկը տրամադրվում է անտոկոս, 35 տարի ժամկետով, որից տասը տարին արտոնյալ ժամկետ է։

Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում 4 հավելված։

Համաձայնագրով նախատեսվում է ֆինանսավորել նպատակային ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում մի շարք ոլորտների բարեփոխումներին։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկը մարել 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2031 թվականի հուլիսի 1-ը։ Վարկի չառհանված հիմնագումարի դիմաց Հայաստանի Հանրապետությունը վճարելու է պարտավճար՝ ոչ ավելի, քան տարեկան մեկ տոկոսի մեկ երրորդ դրույքաչափով, իսկ առհանված եւ չվերցված գումարի դիմաց՝ սպասարկման վճար՝ մեկ տոկոսի երեք քառորդ դրույքաչափով։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ հուսալի հաշվապահական միջոցներով վարել գործարքների եւ ծախսերի հաշվառում, ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ավարտից վեց ամիս հետո Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս համար ընդունելի անկախ հաշվեքննողների տարեկան հաշվեքննման վերաբերյալ հաշվետվություն։ Ընկերակցությունը կարող է պահանջել, որ վարկային հաշվից վճարումները կատարվեն ծախսերի ամփոփագրի հիման վրա։

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ անհրաժեշտ է մշակել եւ ներդնել սույն համաձայնագրով նախատեսվող վարկային միջոցների օգտագործման վերահսկման առավել հուսալի համակարգ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 սեպտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-62

print page Տպել էջը