ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 փետրվարի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի մայիսի 3-ին Երեւան քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2005թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 1997թ. մայիսի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:

Վերոհիշյալ համաձայնագրով Կողմերի իրավասու մարմինները սահմանված չափաքանակներով մուտքի թույլտվություններ են փոխանակում, որոնք ավտոտրանսպորտային միջոցներին իրավունք են տալիս մուտք գործել միմյանց տարածքներ եւ, համաձայնագրի 4 հոդվածի համաձայն, ազատվել սահմանված հարկերից եւ տուրքերից:

2. Տվյալ հարցի կարգավորման նպատակով 2005թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում ստորագրվել է սույն արձանագրությունը, որով Կողմերը պարտավորվում են չգանձել մուտքի եւ ելքի տուրք (ներառյալ ճանապարհային վճարները եւ մաքսային տուրքերը) կամ վճարումներ եւ հարկեր միմյանց տարածքներում գտնվող ավտոտրանսպորտային միջոցներից, որոնք իրավասու մարմինների թույլտվությունների հիման վրա նախատեսված չափաքանակի սահմաններում կատարում են փոխադարձ կանոնավոր ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ, բացի՝

ա) վճարովի ճանապարհային ցանցի ենթակառուցվածքների օգտագործման համար նախատեսված գանձումներից՝ այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության դեպքում,

բ) տրանսպորտային միջոցի՝ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված քաշը, չափսերը կամ բեռնվածությունը գերազանցելու դեպքում կատարվող գանձումներից:

3. Արձանագրությամբ նախատեսվում է, որ վերոհիշյալ հարկային արտոնությունները չեն տարածվում մյուս Կողմի տարածքում նախատեսված չափաքանակից ավելի քանակությամբ փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների վրա:

4. Արձանագրությունում նախատեսված է դրույթ՝ դրա ուժի մեջ մտնելու վերաբերյալ:

5. Արձանագրությունը կատարված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարընթերցման դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1997 թվականի մայիսի 3-ին Երեւան քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 29-ի արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 փետրվարի 2006 թվականի
ՍԴՈ - 620

print page Տպել էջը